Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանն ասաց՝ ինչու չկա «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում

Մայիս 26,2021 21:45

Ինչո՞ւ Արմեն Աշոտյանը չկա «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում: Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց այդ հարցին: Շրջանառվող տեղեկությունները, թե դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը չի ցանկացել, որ Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը լինեն ցուցակում, ըստ Արմեն Աշոտյանի՝ «կեղտոտ սուտ է»:

«Պարոն Վանեցյանը կցանկանար, որ ես եւ իմ ընկերները մասնակցեինք այս ընտրություններին»,-ասաց նա՝ սուտ համարելով նաեւ այն խոսակցությունները, թե «Աշոտյանը, Շարմազանովը վարկաբեկված են եւ դրա համար չեն ցանկանում, որպեսզի լինեն ցուցակներում»:

Իսկ թե ինչո՞ւ չի առաջադրվել, Արմեն Աշոտյանն ասաց, որ ի սկզբանե էլ դեմ է եղել արտահերթ այս ընտրություներին, դեմ է եղել նաեւ, որ ՀՀԿ-ն մասնակցի. «Քանի որ կարծում եմ՝ ընտրական գործընթացները լուծում չէին Հայաստանի համար այն ճգնաժամային իրավիճակում, որում մենք հայտնվել ենք: Ընդդիմադիր բոլոր ուժերով չպետք է թույլ տայինք, որպեսզի այս ընտրությունները տեղի ունենան:

Ընտրությունները չպետք է լինեին, բայց այս ընտրություններին չօգնելը, չներքաշվելը չմասնակցելը հիմա համարում եմ սխալ»:

Արմեն Աշոտյանի խոսքով, 44-օրյա պատերազմից զորացրվելուց հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում ասել է, որ ընտրություններում իրեն չդիտարկի որպես առաջադրվող թեկնածու: «Պատերազմից հետո իմ դիրքորոշումը մնացել է նույնը, պատերազմը ինձ շատ է փոխել, շատերիս մտածելակերպը, առարկայական մոտեցումը կյանքին, առաջնահերթությունները, զգացմունքներն ամբողջությամբ վերանայվել են, եւ, ես էլ բացառություն չեմ: Պատերազմը, զինվորական ծառայությունն ինձ վրա մեծ դրոշմ են թողել եւ ես այնպիսին եմ ինչպիսին որ Հայաստանի ազնիվ, արդար սրտացավ մտածող բնակչության 99 տոկոսը»,-ասաց պարոն Աշոտյանը՝ նշելով, որ իր անձնական որոշումն է՝ չառաջադրվել Հայաստանի հանրապետության կուսակցության կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով. «Ես շնորհակալ եմ կուսակցության ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, որ հարգել է իմ այդ որոշումը»:

Արմեն Աշոտյանն ասաց՝ չի առաջադրվել, բայց չի նշանակում, որ չի մասնակցելու ընտրություններին, ասաց նաեւ շատ մրցունակ ցուցակ են ներկայացրել:

Իր համակիրներին էլ, որոնք հավանում են իրեն եւ իր ընկերների քաղաքական գործունեությունը, խորհուրդ տվեց ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքը՝ անկախ նրանից՝ ինքը կամ Շարմազանովը կա՞ն այդ դաշինքի ցուցակում թե՝ ոչ: Ասաց, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ մանդատ ունենալ եւ ինքը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ իր կուսակցությունում:

Արմեն Աշոտյանի խոսքով, 2018 թվականի իշխանափոխությունից հետո շարունակել է մնալ քաղաքականության մեջ եւ չնայած որ ինքը եւ իր ընկերները պաշտոններ չեն զբաղեցրել, բայց չեն լքել քաղաքականությունը. «Ես եւ իմ ընկերները ապացուցեցինք, որ կարելի է լինել քաղաքականության մեջ առանց պաշտոնի, կարելի է քաղաքական բովանդակություն ստեղծել՝ առանց մանդատի, կարելի է քաղաքական օրակարգ թելադրել՝ առանց նախարարական պորտֆելի, եւ 2018 թվականի մայիսի 8-ից ես եւ իմ բազում ընկերները կուսակցությունում ստեղծել են այդ օրակարգը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31