Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին:
Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը:
Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան Թունջելի և վերջերս սկանդալային հայտարարություններով Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի կապի մասին: Սոյլուն. մանրամասներ չհայտնելով, հռետորական հարցեր էր տվել, թե ով է Թունջելին և Փեքերին գործընկերներ դարձրել, և թե ով կամ ինչ համակարգ էր Թունջելին վստահել Փեքերին:
Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պատասխանել հետևյալ հարցերին.
Կարդացեք նաև
- Ինչու՞ դատարանին չեք հայտնել ձեր իմացած այն տեղեկությունները, որոնք վերաբերել են Դինքի սպանության հետ Սեդաթ Փեքերի կապին:
- Ո՞վ և ո՞ր համակարգն է Էրհան Թունջելին վստահել Սեդաթ Փեքերին:
- Ե՞րբ եք դատական համակարգին հայտնելու այն, ինչ գիտեք Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում վերջին երեք շաբաթվա ընթացքում ցնցել է Թուրքիան YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով: Նա մեղադրանքներ է առաջադրում հայտնի թուրք պետական նախկին ու ներկա գործիչների դեմ, այդ թվում` սպանության, բռնաբարության, կոռուպցիայի և թմրանյութերի վաճառքի մեջ:
Աղբյուր` Ermenihaber.am