Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Մայիս 26,2021 20:40

Մայիսի 26-ին ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ավետ Ադոնցը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը նշեց, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։

Կողմերը գոհունակություն հայտնեցին անցած ժամանակահատվածում կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:

Անդրադարձ կատարվեց նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31