Ազգային ժողովրդավարական բեւեռը ԿԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը Ազգային ժողովրդավարական բեւեռի նախընտրական ցուցակում Ժիրայր Սեֆիլյանը ընդգրկված չէ, քանի որ նրա քաղաքացիության տարիները չեն բավարարում պահանջվող պայմաններին:
Ազգային ժողովրդավարական բեւեռն էլ այսօր ԿԸՀ է ներկայացրել առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը:
ԱԺԲ-ի ցուցակը գլխավորում է Վահե Գասպարյանը: Ցուցակի տասնյակի հերթականությունն այսպիսինն է.
- Վարուժան Ավետիսյան
- Կառա Չոբանյան
- Գարեգին Չուքասզյան
- Արեգ Կյուրեղյան
- Նառա Բադալյան
- Արթուր Այվազյան
- Գեւորգ Սաֆարյան
- Անահիտ Թադեւոսյան
- Վահագն Ավագյան:
ԱԺԲ ներկայացուցիչ Վահե Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեեւ իրենք գրանցվել են կուսակցություն, սակայն իրականում ԱԺԲ-ն շարժում է:
Կարդացեք նաև
«Երկրում պետք է ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է կատարի անցումային տրամաբանությունից բխող կետերը: Դրանք են՝ իրավաքաղաքական գնահատական նախորդ ռեժիմին, անցումային արդարադատություն, տնտեսական, քաղաքական, գործակալական լյուստրացիա, ընդունել նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք: Անցումային շրջանը կտեւի մոտ մեկ տարի, որից հետո կարող ենք խոսել թափանցիկ, արդար ընտրությունների մասին: Կձեւավորվի նոր Ազգային ժողով, որը կարտացոլի երկրում գոյություն ունեցող ազգային-քաղաքական դաշտը: Այսօր քաղաքական դաշտ չունենք: Այսօր ունենք ուժեր, որոնք ծառայում են երկիրը գաղութացրած Կրեմլին: Թե նախկինները, թե ներկա ապիկար իշխանությունները սպասարկում են միայն Կրեմլի շահերը: Հայաստանը պետք է դիմի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար»,- ասաց Վահե Գասպարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ