Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացմանը, ինչպես նաև նպաստել սահմանահատման գործընթացի մեկնարկին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հիմնական պատճառը խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած հայ-ադրբեջանական սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայությունն է,- ասել է նա:- Մենք ելնում ենք նրանից, որ նման իրավիճակը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանահատման գործընթացի մեկնարկը, հետագայում սահմանագծման հեռանկարով: Ռուսաստանը պատրաստ է դրան ամեն կերպ աջակցել»:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցություն է ունենում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում և բարձր մակարդակով մշտական կապ է պահպանում կողմերի հետ: «Ռուս խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանը փոխվարչապետերի համանախագահությամբ զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ: Ռուսաստանը սերտորեն ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի կարգավորման գործում, աջակցում է լարվածության թուլացմանը»,- ասել է Զախարովան:
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ջանքեր և շուտափույթ լուծում: Դրանց թվում են ռազմագերիների և բոլոր պահվող անձանց վերադարձի, Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի արգելքը հանելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ