Էդմոն Մարուքյան, Արտյոմ Գեղամյան, Անի Սամսոնյան, Գևորգ Գորգիսյան, Դավիթ Խաժակյան, Կարինե Ղուկասյան, Սարիկ Մինասյան, Լևոն Մարտիրոսյան, Սրբուհի Գրիգորյան, Ստեփան Ստեփանյան. սա «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախընտրական ցուցակի տասնյակն է: Այն ԿԸՀ-ում ներկայացրեց Երևանի ավագանու անդամ, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը: Դավիթ Խաժակյանը վստահեցրեց՝ կա այլընտրանք, և դա ԼՀԿ-ն է:
Այնուհետև ասաց. «Պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսների: Մենք ապացուցել ենք նախկինում, որ կարողանում ենք մեկին տասը ձայն գեներացնել»:
Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ են կոալիցիաների ձևավորումն այլ ուժերի հետ, նա պատասխանեց. «ԼՀԿ-ն առաջիններից էր, որը նախընտրական գործընթացին ընդառաջ հայտարարեց՝ ԼՀԿ-ն բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ձեր ցուցակում գործարարներ կա՞ն, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Կան գործարարներ, որոնք իրենց աշխատանքով օրենքի դաշտում դարձել են գործարարներ, հաջողված մարդիկ: Մեր ցուցակում չկան օլիգարխներ, որոնք պետական ռեսուրսների հաշին հարստացել են և օրենքի առումով խնդրահարույց են: ԼՀԿ ցուցակում չկան մարդիկ, որոնք օրենքի հետ երբևէ խնդիր են ունեցել»:
Եվս մեկ անգամ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած ուժի հետ հնարավոր համագործակցությանը՝ Դավիթ Խաժակյանը հայտարարեց. «Չենք պատկերացնում համագործակցությունն այն մարդու հետ, որը ձախողել է պետական կառավարումը և ով չի կարող այլևս լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են ՀՀ առաջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ