«Հայրենիք» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Սոս Հակոբյանը ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ իշխանության գալու պարագայում գործադիր մարմնի կազմը չափազանց մրցունակ է և բաղկացած է ՀՀ կադրային դարբնոցից ներկայացված կադրերից:
Նա և ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Աննա Մկրտչյանը ԿԸՀ-ում ներկայացրին դաշինքի նախընտրական ցուցակը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարկառուն ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը միայն ցուցակի տասնյակո՞ւմ , թե՞ ընդհանրապես չկան, Աննա Մկրտչյանը պարզաբանեց. «Իրենք բազմիցս ասել են, թե ինչու ներկայացված չեն՝ նշելով ինչպես այս ընտրությունների բնույթը և ցանկություն չլինելը: Իրենք ակտիվ ներգրավված են թիմային աշխատանքին, ինչպես ասում ենք՝ ակտիվ կպել են գործի»:
Սոս Հակոբյանը ներկայացրեց իրենց ցուցակի առաջին տասնյակը՝ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան, Տիգրան Աբրահամյան, Մարտուն Գրիգորյան, Թեհմինա Վարդանյան, Արման Սահակյան:
Լրագրողները հարցրին՝ ցուցակում գործարարներ կա՞ն՝ օրինակ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Սոս Հակոբյանը պատասխանեց՝ չկան: Հարցին՝ որտեղի՞ց սկսեց նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանի հետ համագործակցությունը, Սոս Հակոբյանն ի պատասխան հորդորեց անձամբ նրանից լսել այդ հարցի պատասխանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իրենց համար ընդունելի է ընդդիմադիր և ազգային ուժերի հետ համագործակցությունը: Կոնկրետ «Հայաստան» դաշինքի հետ կապված կոալիցիա կազմելու մասին հացին ի պատասխան ասաց. «Հայաստան» դաշինքն այն ազգային ուժերից մեկն է, որի հետ համագործակցությունը ընտրությունների արդյունքներից հետո լիովին պատկերացնում ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ