«Խիստ կասկածում եմ լուրի վրա, թե ՀՀ գործող իշխանությունը կամ իշխող կուսակցությունն ընտրակաշառքի հետ կապված ինչ-որ բան է անում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցադրմանն այն մասին, թե մարդկանց շրջանում լուրեր են պտտվում կաշառք բաժանելու մասին՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Նման լուրերը տարածում են հայտնի շրջանակները, եւ այդ մասին իրավապահները տեղյակ են։ Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն հին ավանդույթի տրամաբանությունը վերականգնել, խորհուրդ չեմ տա, որովհետեւ չեմ կարծում, թե ապագա համաներումները տարածվելու են ընտրակաշառքի հոդվածի վրա։ Մանավանդ, որ կաշառք խոստանալն արդեն իսկ քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Ինձ զեկուցել են, որ կան երեք օպերատիվ գործեր, որոնց անձանց շրջանակը պարզված է։ Իրականացվում են օպերատիվ միջոցառումներ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ