ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, 2016թ․ հունվարի 8-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Նոր Արմավիր գյուղի գերեզմանատան ճանապարհին անձնական հարցերի շուրջ՝ միևնույն աղջկա հետ ընկերություն անելու պատճառով ծագած վիճաբանության արդյունքում, վեճի է բռնվել վերոնշյալ գյուղի բնակչի հետ, որի ընթացքում բութ առարկայով դիտավորությամբ հարվածել է կռվին միջամտած մեկ այլ անձի՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին