Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մեկը շատ է ցանկանում Արեւելյան Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ փոխանցել այն Թուրքիայի վերահսկողության տակ». Գեւորգ Պողոսյան

Մայիս 26,2021 18:33

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի կարծիքով, ինչ-որ մեկը շատ է ցանկանում Արեւելյան Հայաստանը նույնպես պոկել Ռուսաստանից եւ փոխանցել այն Թուրքիայի վերահսկողության տակ:

Այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում Գեւորգ Պողոսյանն ասաց. «Մի ամբողջ հազարամյակ հայերը խաղաղ ապրում եւ աշխատում էին Ռուսաստանում` օգտվելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունից, որը նրանց ապահովում էր տարբեր արտոնություններով: Հին Ռուսիայում հայերի մասին առաջին տեղեկությունները գալիս են 10-11-րդ դարերից, այսինքն, երբ 9-րդ դարի երկրորդ կեսից Ռուսաստանի եւ Բյուզանդական կայսրության միջեւ առևտրային եւ ապա մշակութային կապեր հաստատվեցին»:

Հայերի՝ Ռուսաստանում հաստատվելու մասին պատմական ակնարկից հետո, բանախոսը նկատեց, որ 1992-ին համագործակցության նոր փուլ սկսվեց Հայաստանի անկախ հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության միջեւ. «Ներկայումս Հայաստանը ոչ միայն անմիջական աշխարհաքաղաքական գործընկերություն ունի Ռուսաստանի հետ, սակայն շարունակում է օգտվել դրա ռազմական անվտանգության երաշխիքից, ընդհուպ մինչեւ 2020 թվականի աշնանն Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի սահմանին: Խաղաղապահ զորախմբի տեղակայման համար Ռուսաստանը 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա է տեղափոխել Ղարաբաղ: Այսօր միայն Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական գործընկերության շնորհիվ է Հայաստանին հաջողվում պահպանել իր պետական ​​անկախությունն ու բնակչության անվտանգությունը: Այս պայմաններում Հայաստանի նոր քաղաքական ղեկավարության` աշխարհաքաղաքական կողմնորոշման վեկտորը փոխելու անփույթ փորձերն իսկապես անուղղելի վնաս են հասցնում հանրապետության տարածքային ամբողջականությանը` էլ չասած Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխիքների կորստի մասին»:

Գեւորգ Պողոսյանի փաստագրմամբ, Հայաստանն իր երկար պատմության ընթացքում մոտ է եղել նաեւ եվրոպական մշակույթին, ակտիվ մասնակցություն է ունեցել եվրոպական քաղաքակրթության զարգացման պատմամշակութային գործընթացներին. «Հայերը միշտ գտնվել են արեւմտյան եւ արեւելյան մշակույթների խաչմերուկում եւ յուրատեսակ կամուրջ են հանդիսացել Եվրոպայի ու Ասիայի ժողովուրդների կուտակած փորձի եւ ավանդույթների փոխանցման եւ փոխանակման համար։ Նրանք միշտ բաց են եղել այլ մշակույթներն ընկալելու, բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ փոխգործակցելու եւ համագործակցելու առումներով։ Հենց այս համատեքստում պետք է հասկանալ անկախ Հայաստանի քաղաքական իշխանությունների հռչակած բազմավեկտորության դիվանագիտության ռազմավարությունը։ Պատահական չէ, որ այսօր հայերն ապրում են աշխարհի 102 երկրներում, բոլոր մայրցամաքներում։ Նրանց ընդհանուր թիվն այսօր հասնում է, ըստ տարբեր հաշվարկների, մինչեւ 10 միլիոնի, որոնցից միայն 3 միլիոնն է ապրում ժամանակակից Հայաստանում։ Մոտավորապես այդքան էլ՝ 2,5 մլն, այսօր ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, եւ այնտեղ է ձգտում մեր աշխատանքային միգրանտների ամենամեծ հոսքը։ Համեմատության համար. ԱՄՆ-ում ապրում է 1,6 մլն, Եվրոպայում՝ միայն Ֆրանսիայում ապրում է 650 հազար հայ»։

Գեւորգ Պողոսյանը ներկայացրեց նաեւ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի անցկացրած բազմամյա սոցիոլոգիական հետազոտությունները՝ իր ղեկավարած Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ, ըստ որոնց, հայ աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը (մոտ 80 տոկոս) մեր հանրապետության անկախության բոլոր 30 տարիներին ուղղվել է դեպի Ռուսաստան։ 2012թ. Ռուսաստանից դրամական փոխանցումների գումարը կազմել է Հայաստանի ՀՆԱ 15,5 տոկոսը։ Եվ անգամ 2019-2020թթ., ռուսական տնտեսության անկման պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր միգրանտների դրամական փոխանցումները կազմել են հանրապետության ՀՆԱ 7,7 տոկոսը։ Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է ե՛ւ ներդրումների, ե՛ւ արտադրանքի ներմուծման-արտահանման գծով։ 2015թ. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո առեւտրատնտեսական կապերը մեր երկրների միջեւ էլ ավելի ամրապնդվեցին եւ ընդլայնվեցին։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ Հայաստանը ցամաքային սահմաններ չունի Ռուսաստանի հետ եւ չունի ելք դեպի ծով։

«Վերջին երեք տասնամյակների բոլոր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով՝ Հայաստանում հանրային կարծիքի հարցումները վկայել են Ռուսաստանի հանդեպ մեր քաղաքացիների վստահության ամենաբարձր մակարդակի մասին։ 2006թ. համազգային հարցման ժամանակ հարցման ենթարկվածների ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել է լավ։ Համեմատության համար՝ Իրանի հետ հարաբերությունները լավ է գնահատել 86, Եվրամիության հետ՝ 85, ԱՄՆ-ի հետ՝ 67 եւ Վրաստանի հետ՝ 43 տոկոսը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները 90-97 տոկոսը գնահատել է վատ։ Նման արդյունքներ են ստացվել նաեւ 2007 եւ 2008թթ. հետազոտություններում։ Տասը տարի անց՝ 2018 եւ 2019թթ., կրկին ճնշող մեծամասնությունը՝ 93 տոկոս, Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել է լավ։ Իրանի, Չինաստանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները լավ է գնահատել 93-94 տոկոսը, Եվրամիության հետ՝ 91, ԱՄՆ-ի հետ՝ 88 տոկոսը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները վատ է գնահատել հարցվողների 98-99 տոկոսը։ Անցած տարի (2020թ.) պատկերը մոտավորապես նույնն էր։

Փաստորեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները տասնյակ տարիներ հայկական հանրային գիտակցությունում կայուն եւ անփոփոխ գնահատվել են շատ բարձր մակարդակով։ Այսպիսի դրական վերաբերմունք է դրսեւորվել հանրապետության տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների, տղամարդկանց եւ կանանց, քաղաքների ու գյուղերի բնակիչների շրջանում։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն հավանություն է տվել հարցվողների 65,6 տոկոսը, իսկ հարցին, թե ում հետ է Հայաստանի համար ավելի կարեւոր հարաբերություններ կառուցել՝ ԵՏՄ-ի, թե՞ ԵՄ-ի, 2014թ. հետազոտությունում հարցվողների 51,6 տոկոսը պատասխանել է՝ ԵՏՄ-ի եւ միայն 19 տոկոսը՝ ԵՄ-ի։ Ընդ որում՝ հարցվողների 59 տոկոսը ազգականներ ուներ արտասահմանում, նրանց 70 տոկոսը կանոնավորապես ֆինանսական աջակցություն էր ստանում Ռուսաստանից։

Միակ սոցիալական խումբը, որը փոքր-ինչ տարբերվող պատկերացումներ ուներ Ռուսաստանի մասին, մինչեւ 30 տարեկան երիտասարդությունն է կամ մարդիկ, ովքեր ծնվել են արդեն անկախ Հայաստանում եւ չեն սովորել խորհրդային դպրոցում։ Նրանց հիմնական կողմնորոշումները ստեղծվել են ավելի շուտ ինտերնետի եւ սոցիալական ցանցերի ազդեցության ներքո։ Նրանք այսպես կոչված «թվային սերնդի» ներկայացուցիչներն են, որոնք մեծացել են տեղեկատվական դարաշրջանում, համաշխարհային սարդոստայնի պլատֆորմի վրա։ Հարկ է ավելացնել, որ «փափուկ ուժի» հետեւորդները հատկապես լավ են աշխատել հենց երիտասարդության ուղեղները լվանալու հարցում։ Ռուսաստանն այս առումով միշտ իրեն բավական պասիվ է պահել»։

Ըստ սոցիոլոգի, այսօր իշխանությունում գտնվող քաղաքական վերնախավը, որն իշխանության եկավ ռեժիմը բռնի փոխելու արդյունքում՝ փողոցային ճնշման ճանապարհով, գունավոր հեղափոխությունների սցենարով, միանգամայն անհամարժեք է արտացոլում հանրային տրամադրություններն ու հայ ժողովրդի աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Արտաքին ուժերի, տարբեր հիմնադրամների եւ մասնագիտացված ռազմավարական կենտրոնների ազդեցությամբ այն համառորեն փորձում է փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը, կտրել նրան ռուսական ազդեցության ծիրից. «Ընդ որում՝ միանգամայն պարզ է, որ մեր տարածաշրջանում Հայաստանի ռուսական կողմնորոշման փոփոխությունը կնշանակի ոչ այլ ինչ, քան նրա փոխանցում Թուրքիայի ուղղակի վերահսկողության ներքո։ Նման մի բան տեղի ունեցավ վերջերս հարեւան Վրաստանի հետ։ Բոլորին լավ հայտնի է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում եվրատլանտյան շահերը ներկայացնում է ՆԱՏՕ անդամ, ցեղասպանածին պետություն Թուրքիան։ Անցած տարվա աշնանը կրած խայտառակ եւ միտումնավոր պարտված պատերազմի համատեքստում, որի ընթացքում հայկական զորքերը փորձեցին հետ մղել թուրք-ադրբեջանական զինված ուժերի ուխտադրուժ ագրեսիան, հայ զինվորներն ու հայ ժողովուրդը մեկ անգամ եւս համոզվեցին, թե ովքեր են մեր իսկական բարեկամները, ովքեր՝ պատմական թշնամիները։ Մեր ժողովուրդը գիտակցեց Ռուսաստանի եւ Եվրասիական միության գործընկերների հետ ինտեգրման կարեւորությունը։ Բայց այսօր ինչ-որ մեկը ցանկանում է Արեւելյան Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ հանձնել թուրքական վերահսկողությանը»։

Ըստ Գեւորգ Պողոսյանի, հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ցուցադրեն՝ ո՞ւմ հետ եւ ո՞ւր կորոշի գնալ հայ ժողովուրդը ապագայում. «Անկասկած, մեզ Ռուսաստանի հետ միավորում է մեր ընդհանուր հարուստ անցյալը։ Բայց կցանկանայի, որպեսզի մեզ միավորի նաեւ հրապուրիչ ընդհանուր ապագան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31