Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ադրբեջանը հատել է կարմիր գիծը․ անհնար է, որ ՌԴ-ն պայմանագրային պարտավորությունները չկատարի»

Մայիս 26,2021 18:17

«Ամեն աստծո օր մարդիկ հարցնում են՝ վերջն ի՞նչ է լինելու։ Ամեն օր արթնանում ենք մտածելով՝ ռազմական դրություն կհայտարարվի՞, կրակոց կլինի՞։ Մինչեւ ընտրությունները քսան օր կա, ի՞նչ եք ձեռնարկելու, պարոն Փաշինյան»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր նման հարցադրումներով մտահոգություն հայտնեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով ՀՀ տարածք ադրբեջանցիների ապօրինի ներխուժման մասին։

«Շարունակելու ենք խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի շրջանակում, ՌԴ-ի հետ»,-նախ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խորհրդակցություններ կան նաեւ Իրանի հետ։ Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում․ «Աստված մի արասցե՝ այն կարող է տեղի ունենալ իրադրության կտրուկ սրման դեպքում։ Հույս ունենք՝ կտրուկ սրում չի լինի»։

Տիգրան Ուրիխանյանը նաեւ նկատեց՝ այսօր Փաշինյանը վստահություն հայտնեց, որ առանց որեւէ մեկի օժանդակության՝ Ադրբեջանը չէր խախտի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ «Ո՞ւմ մասին է խոսքը, Թուրքիայի՞»,-հարցրեց նա։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դա տարբերակներից մեկն է»։

Ուրիխանյանն այնուհետեւ հարցրեց․ «Ունե՞ք մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ անի ադրբեջանական զորքերի հանդեպ, հետո ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով իրենց պարտավորությունները։ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ նման բանը կնշանակի այդ կառույցի լուծարում․ «Ադրբեջանը հատել է կարմիր գիծը։ Անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն պայմանագրային պարտավորությունները չկատարի։ Նման բանը բացառված է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31