ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ տեսնո՞ւմ է միտում, որ սահմանային սրացումներն Ադրբեջանը խաղարկում է հայաստանյան որոշ ընդդիմադիր շերտերի հետ․ «Իրավիճակը որոշ շրջանակներ շահարկում են որոշ ԶԼՄ-ներով, իսկ զինվորների վիճակն օգտագործվում է որոշ քաղաքական գործիչների գովազդի նպատակով»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Արդեն հայտարարել եմ՝ չեմ վախենա ձեւակերպումից, որ Ադրբեջանը ՀՀ-ում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Այսօր ինձ մի տեղեկանք ներկայացրին։ Սահմանին ծագած իրավիճակների շուրջ իրավիճակներ են լինում՝ բախումներ, ծեծկռտուքներ, դիրքերից հեռացում-վերադարձ։
Ինչի՞ մասին էր այդ տեղեկանքը, որ հայաստանյան ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակներին պատկանող օգտատերերը լայնորեն տարածել են սահմանային միջադեպերի այն տեսանյութերը, որոնք տարածել են ադրբեջանական շրջանակները։ Եղել են նաեւ տեսանյութեր, որտեղ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներն են ոչ հրազենային գործադրմամբ ձեռնամարտով հետ մղել ադրբեջանցի զինծառայողներին։ Այդ շրջանակներն այդ տեսանյութերը չեն տարածել։ Սա ի՞նչ է նշանակում։ Հետո էլ այդ մարդիկ ասում են, թե բանակի կողքին ենք։
Բա ո՞նց է ստացվում, որ բանակը թվացյալ վարկաբեկող տեսանյութերը հաճույքով տարածում եք, իսկ ժայռի նման սահմանին կանգնած մեր զինվորների հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում։ Սա նշանակում է, որ այո, ՀՀ-ում գործում են ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալներ»։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց․ «Չեմ բացառում, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացների վրա ու ընտրությունների արդյունքների վրա ազդելն Ադրբեջանի կարեւոր նպատակներից է։ Այն, ինչի մասին խոսեցի, հիմնավորում է այդ վարկածը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ