Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ՀԱՊԿ-ը եւ ՀԱՊԿ գործընկերներ երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով իրավիճակի լուծմանը»․ Փաշինյան

Մայիս 26,2021 17:29

«Հիմա էլ կարծում եմ, որ «Սեւ լիճ» կոչված մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, եւ, ինչպես նախկինում ասել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը։ Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն գործողություններ չի անում եւ դիմում է ՀԱՊԿ-ին։ Հենց ՀԱՊԿ-ը եւ ՀԱՊԿ մեր գործընկերներ երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե որ փուլում են ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցիների հեռացման վերաբերյալ բանակցությունները՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն հանդես է գալիս ոչ թե որպես խնդրարկու, այլ ՀԱՊԿ-ը գործիք է՝ նման իրավիճակներում օգտագործելու համար։ Օրինակ՝ որոշել են համախմբվել եւ ստեղծել օդորակիչ, եւ երբ շոգ է, այն միացնում են՝ փոխարենն ասելու համար, որ պատուհանները բացվեն՝ միջանցիկ քամի կլինի։ Հետեւաբար, ՀՀ-ի կողմից ռազմական լուծման չգնալը նաեւ նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ-ի երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ։ Սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով հարցը լուծենք։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը չի բավարարում, բայց հետեւողականորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախնական մտահաղացումը, որն ուներ Ադրբեջանը, այս պահին չեզոքացված չի համարվում, եւ ՀԱՊԿ երկրներն այս առումով հստակ պետք է արտահայտվեն․ «ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում դա ասվում է, բայց ոչ հրապարակային»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ եթե հայ-ռուսական միացյալ զորախմբի գործիքները եւ ՀԱՊԿ-ի գործիքակազմը բավարար չլինեն խնդիրը լուծելու համար, չի բացառվի, որ կքննարկեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հարցը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31