«ՊՆ-ն հերքել է, դա չի համապատասխանում իրականությանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, թե նախորդ օրերին ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
«Ադրբեջանի մտահղացումն ակնհայտ է։ Քանի որ իրենք մեր տարածքում օգտագործել են զենք, որի հետեւանքով զոհվել է մեր զինվորը, ապա իրենք փորձում են դա կոծկել։ Ավելին՝ ես կապվել եմ խաղաղապահ ուժերի հետ, որոնք այդ տեղեկությունը հերքել են։ Ուստի սա ադրբեջանական կողմի հնարքն է, որպեսզի հանրությանը ցույց տան, թե հայկական կողմը գնում է գործողությունների, իսկ իրենք խաղաղ գտնվելով այդտեղ՝ փորձում են դրանով կոծկել իրենց արածները»,-նշեց նա։
Վաղարշակ Հարությունյանը շեշտեց․ «Մենք հստակ գիտենք իրենց մտահղացումը, գիտենք, թե իրենք ինչ մարտավարություն են մշակել։ Ալիեւն ասում է՝ ի՞նչ է տեղի ունեցել որ, սահման ենք ճշտում․․․ամենակարեւորը՝ ասում է, թե որեւէ կրակոց չկա։ Երեկ դա եղավ»։
Հիշեցնենք, որ Վերին Շորժայի ուղղությամբ շփման գծում ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինվորների կրակահերթից երեկ զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ