«Ներկայիս իշխանության վարկանիշն ընկում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ կտրուկ աճում»,- ԿԸՀ-ում Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը ներկայացնելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Representatives of the Armenia Alliance submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Նա վստահեցրեց՝ իրենց ցուցակում անձինք են, որոնք ունեն ճգնաժամային պայմաններում կառավարչական փորձ, անհրաժեշտ գիտելիքներ:
Լրագրողների դիտարկմանը՝ սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ ոչ մի ուժ 50+1 տոկոս չի հավաքի, ուստի կարևոր է հետընտրական ժամանակահատվածի համար կոալիցիաների դերակատարությունը, Արամ Վարդևանյանն այսպես արձագանքեց. «Հայաստան դաշինքը ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառում է որևէ տեսակի համագործակցություն, որն առավել քան ողջամիտ ու տրամաբանական արձանագրված է՝ հաշվի առնելով՝ ինչ ենք տեսնում այս երեք տարիների ընթացքում և նոյեմբերի իննից հետո, որը մինչ օրս շարունակվում է»:
Անդրադառնալով 50+1-ի հետ կապված դիտարկմանը՝ նա նշեց. «Ձեր կողմից հայտնած կարծիքի առիթով մի հանգամանք նշեմ, որ որևէ մեկը չի հերքի: Սոցհարցումների վերջին տվյալները փաստում են, որ ներկայիս իշխանությունների վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը, նույնիսկ մերձիշխանական կազմակերպությունների կողմից կատարված հարցումներով, ցույց է տալիս, որ կտրուկ աճում է: Մենք դեռ չենք սկսել լիարժեք նախընտրական քարոզարշավը»:
Կարդացեք նաև
Մյուս հարցին՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի հետ համագործակցություն, կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Վաղ է դեռևս նման հանգամանքների մասին խոսել: Ներկայիս իշխանության հետ որևէ տեսակի համագործակցություն բացառվում է: Սա հստակ է: Մնացած հարցերին հընթացս կանդրադառնանք, զարգացումներն էլ դրա մասին ցույց կտան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ