Տարեսկզբից մինչ օրս ՀՀ զինված ուժերում ունենք 11 զոհ, որից 4-ը ինքնասպանության հասցնելու հիմքով: Երեկ էլ Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակոցներից մահացու հրազենային վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող Վ. Խուրշուդյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ այդ ամենը վկայում է ՀՀ զինված ուժերում այս պահին տիրող իրավիճակի մասին:
Այսօր Արթուր Սաքունցն ու «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկմանը խոսեցին պատերազմից հետո բանակում տիրող իրավիճակի եւ մահվան դեպքերի մասին:
Ըստ նրանց, վերջին մեկուկես ամսում բանակում արձանագրվել է 6-րդ մահը եւ այդ փաստը չի դառնում լուրջ մտահոգության առարկա: Ժաննա Ալեքսանյանի խոսքով, այսօր մեր երկրի գերագույն հրամանատարից սկսած՝ ցանկություն չունեն բանակում փոփոխություններ անել եւ միայն սնունդը փոխելով՝ համարում են, որ մեծ բան են արել. «Զբաղված են ընտրություններով, ամենօրյա այս զոհերը ոչ ոքի մոտ տագնապ չեն առաջացնում, քննչական մարմինները ինչպես կոծկում էին քրեական զինվորական բոլոր գործերը, այնպես էլ կոծկում են: Այս իշխանության մոտ արժեհամակարգի բացակայություն է: Իրենք ավելի շատ մտածում են իրենց աթոռներին մնալու, քան զինվորների մահերի մասին»:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցի խոսքով, ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը պատերազմից հետո մեծ անելիքներ ունեն. պետք է վերակազմավորեն զինված ուժերը, վերականգնեն զինվորական ծառայության պաշտպանության համար անհրաժեշտ վիճակը: Ըստ պարոն Սաքունցի մահացության դեպքերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բանակում բարոյահոգեբանական վիճակն այն չէ. «Պատերազմից հետո պետք է բանակում լուրջ աշխատանք կատարել՝ բարոյահոգեբանական վիճակը փոխելու համար: Հանրությունն ակնկալում է ակտիվ գործողություներ եւ խոսքը միայն սպառազինության մասին չէ, զորակոչվածների ծառայության պայմանների վերանայման եւ վերաբերմունքի արմատական փոփոխություն է պետք: Մարդիկ, որոնց երեխաները զինվորական ծառայության մեջ են, պետք է վստահ լինեն, որ իրենց զավակը պատասխանատու մարդկանց ենթակայությամբ է գտնվում»:
Ժաննա Ալեքսանյանը գտնում է, որ այն ինչ կատարվում է բանակում, ուղիղ համեմատական է բանակի ղեկավարության գործելակերպին եւ նրանց անտարբերությունն է պատճառը, որ զինվորներն այդպես էլ դուրս չեն գալիս ծանր բարոյահոգեբանական վիճակից, ինչն էլ հանգեցնում է սպանությունների, ինքնասպանությունների: Նրա խոսքով, պատերազմից հետո անգամ մի քանի օրով արձակուրդ չէր տրվում այն զինվորականներին, որոնք ընկերներ էին կորցրել, 44 օր դաժան տեսարանների ականատես եղել. «Արդյոք որեւէ մեկը գնա՞ց այդ զոհված զինվորի տուն, տեսներ՝ ով էր նա: Չէ որ Վերին Շորժայում այդ զինվորը զոհվեց իրենց ապաշնորհ քաղաքականության հետեւանքով: Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա առաջին գործը պետք է լիներ զինվորի կյանքի իրավունքը, բայց ոչինչ չարեցին»:
Արթուր Սաքունցի կարծիքով, հիմա աննախադեպ իրավիճակ է եւ պետք է վերականգնել բոլոր այն զինվորականներին իրենց աշխատանքում, որոնք սպա են եւ փորձառու են, սակայն տարիքի բերումով չեն աշխատում: Այսօր բանակում մի շարք հարցեր կան, որոնք ազդում են զինվորի ինքնագնահատականի վրա, որոնք այդպես էլ չեն լուծվում: Նման իրավիճակում բարոյազրկված, բանակում զոհերը ավելի շատ են լինելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ