«7-րդ գումարման խորհրդարանում ռեկորդային թվով օրինագծեր են ընդունվել՝ պատգամավորների հեղինակած 200 օրենքներ։ Եթե համեմատենք, ստացվում է, որ ԱԺ պատմության ընթացքում այս գումարման խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքն առավել ցցուն է։ Սա ցուցիչ է իրականացված աշխատանքի մասին»,-7-րդ գումարման ԱԺ վերջին քառօրյայի այսօրվա նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Ցավոք, այս շենքից դուրս չի հաջողվում մեր իրական աշխատանքը հասցնել հանրությանը։ Խոստովանեմ, որ այստեղ մենք թերացել ենք բոլորով։ Կատարած աշխատանքը հանրայնացնելու գործում շատ անելիքներ կան։ Հուսամ՝ հաջորդ գումարման ԱԺ-ում օրենսդիրները հետեւություններ կանեն։ Իրական աշխատանքը ստվերվում է, օրինակ, պատգամավորի մի քանի ամսվա պարգեւավճարի թեմայով կամ դրա փողի տակ։ 150 000 դրամի պարգեւավճարը դարձավ, փաստորեն, պատգամավորի աշխատանքի ցուցիչը։ Ցավում եմ, որ ամբողջովին չներկայացրինք մեր աշխատանքը»,-նշեց նա։
Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ այն պիտակավորումները, որոնք այս ընթացքում բարեհաջող իրականացվեցին մեդիատեռորի ակունքներում կանգնած անձանց կողմից, մասնակիորեն հաջողեցին․ «Հաջորդ խորհրդարանին հորդորում եմ սա նկատի ունենալ եւ պատգամավորների իրական աշխատանքն ավելի թափանցիկ ներկայացնել հանրությանը»։
Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ անգամ նրանց, ովքեր, իր բնորոշմամբ, այս ընթացքում անառողջ են քննադատել իրենց քաղաքական թիմին, մանիպուլյացիաներով, դեմագոգիաներով են լցրել ԱԺ սրահը, հանդես են եկել ոչ համարժեք տեքստերով․ «Անգամ նրանց, ովքեր անցյալը մերժելով՝ այսօր հայտնվել են անցյալի ցուցակներում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ