«Այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են հինգ ռոմանտիկների կատարած ոճրագործություն, կամ հինգ ռոմանտիկների արած սպանություն, այդ մարդկանց հետ միանշանակ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող կոալիցիա կազմել»,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթերը քիչ առաջ ներկայացնելով ԿԸՀ՝ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Անի Խաչատրյանը:

Representatives of the Hanrapetutyun Party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Լրագրողները խնդրեցին հնչեցնել այն ուժի կամ ուժերի անունները, որոնց հետ կոալիցիա չեն կազմի, Անի Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Երևի անուն տալու իմաստ չկա»: Նա վստահեցրեց՝ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, իրենք ևս գնում են ընտրությունների հաղթանակի ակնկալիքով:

Representatives of the Hanrapetutyun Party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Անի Խաչատրյանը տեղեկացրեց՝ իրենց ցուցակում ընդգրկված է 103 թեկնածու: Նա թվարկեց առաջին տասնյակը. «Ցուցակի առաջին տասնյակում են՝ Արամ Սարգսյան, Արտակ Զեյնալյան, Անի Խաչատրյան, Ռոմիկ Մխիթարյան, Բորիկ Նազարյան, Անահիտ Ադամյան, Մանվել Ղազարյան, Ալբերտ Հովասափյան, Հայկանուշ Ղշյան, Տավրոս Սափեյան»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արաբոյի՞ Մանվելի մասին է խոսքը, Անի Խաչատրյանը պարզաբանեց՝ ոչ, «Վեդի ալկո» ընկերության:
Հարցին՝ ցուցակում կա՞ն գործարարներ, նա պատասխանեց. «Նայած՝ ինչ կարող եք հասկանալ՝ գործարար ասելով: Չէ, չունենք խոշոր գործարարներ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ «Իմ քայլի» հետ հնարավո՞ր է համագործակցեն, Անի Խաչատրյանը չբացառեց ու ասաց. «Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից, հետագա ընթացքից: Խորհրդարանական մոդելը կոալիցիա է պարունակում. թե′ «Իմ քայլի», թե′ ուրիշ ուժի հետ չեմ բացառում»: Նա նշեց, որ «Հանրապետություն» կուսակցության ամբողջ գործունեությունը ցույց է տվել, որ կան ընտրություններին մասնակից ուժեր, որոնց հետ կոալիցիան միանշանակ բացառվում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ