Լրահոս
Օրվա լրահոսը

CPT-ն ողջունել է քրեակատարողական համակարգում դրական զարգացումները

Մայիս 26,2021 16:01

Եվրախորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) հրապարակել է նոր զեկույց, որում ողջունել է քրեակատարողական համակարգում դրական զարգացումները: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները խորը մտահոգությունն են հայտնել առ այն, որ առաջարկները՝ կապված ոստիկանության պահման տակ գտնվող անձանց իրավական երաշխիքների, բանտերում նյութական պայմանների, ռեժիմի և առողջապահության, ինչպես նաև հոգեբուժական հաստատություններում աշխատակազմի մակարդակների և իրավական երաշխիքների հետ, մնում են չկատարված:

Զեկույցում նշվում է, որ գործնականում ոչ մի բողոք չի ստացվել ոստիկանական հաստատություններում կալանքի տակ պահվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, «ոչ ֆորմալ զրույցների» փորձը, որը նախկինում բազմիցս քննադատության է ենթարկվել CPT-ի կողմից, ամբողջությամբ չի բացառվել, հատկապես Երևանից դուրս: Կոմիտեն ևս մեկ անգամ կոչ է արել Հայաստանի իշխանություններին հրաժարվել այդ փորձից:

Վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքների հետ կապված իրավիճակը 2015թ-ից ի վեր մնացել է անփոփոխ. այդ երաշխիքները գործնականում բավարար չափով գործում են, բայց միայն այն պահից, երբ ոստիկանությունում պահումը ձևակերպվում է և պատշաճ կերպով արձանագրվում: Ուստի «ոչ ֆորմալ զրույցների» հրավիրվածները չեն կարող օգտվել այդ իրավունքներից: Ոստիկանական հաստատությունների խցերում նյութական պայմանները շարունակում են ընդհանուր առմամբ մնալ գոհացուցիչ:

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, 2019թ. CPT պատվիրակության այցելած բանտերից ոչ մեկ գերբնակեցված չի եղել, ինչը շատ դրական և ողջունելի զարգացում է: Կոմիտեն ողջունել է Հայաստանի իշխանությունների ծրագրերը ՝ 2022թ. վերջին փակել մի քանի հին քրեակատարողական հիմնարկներ (Գորիս, Հրազդան, Նուբարաշեն, Երևան-Կենտրոն, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները), որտեղ նյութական պայմանները շատ թույլ են, և դրանք փոխարինել նոր քրեակատարողական հիմնարկներով:

Չնայած որևէ արժանահավատ մեղադրանքներ չեն եղել անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ, հաստատությունների մեծ մասում բանտարկյալների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը և շորթումը շարունակում են մնալ խնդիր, և դա ակնհայտորեն կապված է բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիայի կայուն ազդեցության հետ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նույնպես այցի ընթացքում զարմացրել է այն, որ չնայած բազմաթիվ հիվանդ բանտարկյալներ ստիպված էին ապրել առողջապահական հաստատությանը չհամապատասխանող վատ պայմաններում, որոշ բանտարկյալներ, որոնք հիմնականում ընդհանրապես հիվանդ չէին և երկար ժամանակ մնում էին հաստատությունում (մինչև 6 տարի), ակնհայտորեն վայելում էին շատ հարմարավետ պայմաններ: CPT պատվիրակության մոտ ձևավորվել է հստակ տպավորություն, որ այդ բանտարկյալների համար (որոնք ակնհայտորեն պատկանում էին բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի բարձրագույն օղակներին), «Դատապարտյալների հիվանդանոցն» ավելի շուտ «շքեղ հյուրանոց» է, քան վայր, որտեղ նրանք կարող են բուժում ստանալ: Կոմիտեն ՀՀ իշխանություններից խնդրել է ներկայացնել բացատրությունները, թե ինչպես են թույլատրել, որ հիվանդանոցում զարգանա և պահպանվի նման իրավիճակ:

Ընդհանուր առմամբ, CPT-ն կոչ է արել ՀՀ իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել ՝ վերջ տալու բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիային գոյությանը և ակտիվացնել ջանքերը քրեակատարողական հիմնարկներում բռնության դեմ պայքարում:

Որպես դրական քայլ՝ պատվիրակությունն արձանագրել է, որ պարզեցվել են ազատազրկված դատապարտյալներին այլ հիվանդանոցային հաստատություններ տեղափոխելու վարչական ընթացակարգերը, վերացվել են հին «կարցեր» խցերը, ընդլայնվել են բանտարկյալների տեսակցության իրավունքները, այցերը կատարվում են բաց պայմաններում, ինչպես նաև բարելավվել է օտարերկրյա դատապարտյալների` ինտերնետային կապով անվճար իրենց հարազատների հետ կապ հաստատելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է հոգեբուժական հաստատություններին, թեև պատվիրակությունը չի ստացել պացիենտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեղադրանքներ Դատաբժշկական հոգեբուժական բաժանմունքի և Սյունիքի դիսպանսերի անձնակազմի կողմից, Արմաշի առողջության կենտրոնում պատվիրակությունը լսել է որոշ բողոքներ, որ սանիտարները բղավել են պացիենտների վրա և հրմշտել նրանց: Այնուամենայնիվ, մեկուսացում չի կիրառվել, չի արձանագրվել նաև մեխանիկական կամ քիմիական զսպման չափազանց մեծ կիրառում:

Ինչ վերաբերում է կենսապայմաններին, Դատաբժշկական հոգեբուժական բաժանմունքում, չնայած 2010 և 2015 թվականներին CPT -ի այցելություններից հետո կատարված աննշան բարելավումներին, հիվանդները դեռ գտնվում են կողպված դարպասների ետևում ՝ բավականին խարխուլ հանրակացարաններում: CPT-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերջապես շտկել այնտեղ երկար ժամանակ առկա բացերը: Այցելած մյուս երկու հիվանդանոցներում, չնայած որոշ մասնակի վերանորոգումներին, հիվանդների ննջասենյակները և ցերեկային տարածքները եղել են կեղտոտ:

Պատվիրակության այցելած բոլոր հիվանդանոցներում նկատվել է անձնակազմի ոչ համարեք մակարդակ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31