Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական գործընկերության ճեղքը նախանշվել է Սերժ Սարգսյանի օրոք, սաստկացել Նիկոլ Փաշինյանի օրոք. Վլադիմիր Լեպեխին

Մայիս 26,2021 15:54

Հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները երկրի հետխորհրդային պատմության թերեւս ամենակարեւոր ընտրություններն են. այս կարծիքին է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» թեմայով համաժողովի ժամանակ ռուս փորձագետը հույս հայտնեց, որ դրանք ամեն դեպքում չեն չեղարկվի:

Նրա դիտարկմամբ, 1990-ից՝ Հայաստանի անկախացումից հետո, հայ հասարակությունը երբեւէ այսքան պառակտված և բեւեռացված չի եղել: Ռուս փորձագետը կարծում է, որ նախկինում հայ հասարակությունը համախմբվել էր իր պետության եւ պետականության պաշտպանության հարցի շուրջ՝ մահմեդական հարեւանների հետ համակեցության պայմաններում եւ այդ հարցում հայերին սատարում էր նախ Ռուսական կայսրությունը, ապա ԽՍՀՄ-ը: Իսկ նոր Ռուսաստանն, ըստ նրա, ոչ միայն ճանաչեց ինքնիշխան Հայաստանը, այլ աջակցեց 1992-94թթ. Արցախի անկախության համար մղվող պայքարում:

«Ցավոք, 21-րդ դարում Հայաստանի և Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի ճեղք է առաջացել: Այս ճեղքը նախանշվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք եւ սաստկացել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք:

Գործընկերության ճեղքումը հայկական վերնախավի կողմից վստահության բացակայությունն է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական եւ հուսալի դաշնակիցն ու հեռանկարային գործընկերն է»,- ասաց Վլադիմիր Լեպեխինը: Այս անորոշությունը, փորձագետի գնահատմամբ, ՀՀ-ում առաջացավ երկու հիմնական պատճառով. ռազմավարական դաշնակից Ռուսաստանի որոշակի պասիվության եւ հայկական վերնախավի մի մասի՝ արևմտյան երկրների խոստումներով եւ դրամաշնորհներով գայթակղվելով`«Եվրոպայի մաս» դառնալու հեռանկարով:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների այս «ճեղքն» ու «անորոշ գործընկերությունն», ըստ բանախոսի, առաջ բերեցին անցած աշնանը Հայաստանի կողմից մի շարք տարածքների կորուստը եւ Ադրբեջանի հետ սահմանին ներկայումս ստեղծված շատ ծանր իրավիճակը. «Արդյունքում, Հայաստանն իր պատմության մեջ թերեւս առաջին անգամ հայտնվեց վերնախավերի միասնության բացակայության, երկրի ապագայի միանշանակ եւ հասկանալի պատկերի բացակայության պայմաններում»:

Հունիսի 20-ի ընտրություններից առաջ, Լեպեխինի դիտարկումներով, հասարակությունը պառակտվել է ՌԴ-ի հետ սերտ դաշինքի ձգտող ուժերի եւ տարբեր պատճառներով նրանից հեռանալու ձգտող ուժերի. «Այս պառակտումը սրվում է այսօր շարունակվող ռազմական սպառնալիքի պատճառով. Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկության՝ մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում և աստիճանաբար գրավել հայկական որոշ տարածքներ: Մի իրավիճակում, երբ նման սպառնալիքը շարունակվում եւ աճում է, հայ հասարակության մի մասի հայացքը դեպի Արեւմուտք ՝ դեպի ՆԱՏՕ-ի երկրներ, ես համարում եմ բացարձակ ոչ համարժեք: Ինչպես նախորդ դարերում, Հայաստանի պետականության եւ նրա քաղաքակրթական դեմքի պահպանումն ու ամրապնդումը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանը»:

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությանն այլընտրանք չտեսնելով, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը երկու երկրների հարաբերությունների վերաֆորմատավորման անհրաժեշտություն է տեսնում՝ ելնելով այն իրողությունից, որ Հայաստանը եւ Ռուսաստանը սկզբունքորեն նոր պետություններ են, երկրներ, որոնք այսօր մեծապես կախված են աշխարհի «ուժային կենտրոններից», պետություններ, որոնցում չկա էլիտաների միասնություն`իրենց երկրի ազգային շահերի պաշտպանության հարցում:

Նախօրեին Վլադիմիր Լեպեխինը եղել է Արտաշատում, որտեղ ռուսական դրոշն է տեսել: Սա փորձագետը համարում է հայ ժողովրդի վերաբերմունքն ու ակնկալիքը ՌԴ-ից, ինչը կարեւոր ցուցիչ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31