Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս ստատուս քվոն անընդունելի է մեզ համար, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների վերահսկողության ներքո». Ռուբինյան

Մայիս 26,2021 15:38

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ սահմանին իրավիճակի սրման մասին: Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից արդեն զոհ ունենք, իսկ դա Ադրբեջանը ընդամենը դժբախտ պատահար է որակում, ՀԱՊԿ-ից սպասելի արձագանք չի լինում: Ռուբինյանն ասաց. «Բնականաբար, տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, դա ադրբեջանական ագրեսիվ դրսեւորումներից մեկն է: ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով եւ սկսել է խորհրդակցություններ: Հայաստանը փորձել եւ փորձում է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, կաջակցեն մեզ այս գործընթացում: Ընդդիմադիր շրջանակներից ասում են՝ ինչո՞ւ պիտի մեր դաշնակիցները օգնեն, եթե մեր հայկական կողմը չի կրակում: Նախ, հենց մեր դաշնակիցներն են կոչ արել եւ անում չսրել իրավիճակը եւ փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Երկրորդը՝ այն դաշնակցային հարաբերությունները, որում մենք ներառված ենք, ունեն հստակ նախատեսած հոդվածներ հստակ դեպքերի վերաբերյալ: Եվ մենք ոչ թե ոչ մի բան չանելով խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա հստակ հոդվածով: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ՝ այս հարցը լուծել»:

Ըստ նրա, ՀԱՊԿ պայմանագիրը չի նախատեսում, որ պետք է անպայման կրակոց տեղի ունենա, երկրորդը՝ հենց ՌԴ գործընկերներն են կոչ արել խնդիրը փորձել լուծել խաղաղ պայմաններով. «Հաշվի առնելով նաեւ վերջին իրադարձությունները, չեմ բացառում, որ մենք նաեւ կհասնենք ՀՍՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին»:

Թե ինչու են ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքում՝ Ռուբինյանն ասաց. «Խնդիրն առկա է, ներկայիս ստատուս քվոն անընդունելի է մեզ համար միանշանակ, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների վերահսկողության ներքո: Սա նորմալ չէ, խնդիրը պետք է լուծվի»:

Խոսելով սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթին, որը հայտնվել էր համացանցում՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ դա եղել է ռուսական կողմի առաջարկը. «Հայկական կողմի դիրքորոշումը եղել է շատ հստակ՝ այն պայմաններում, երբ ադրբեջանցի զինվորներ են ներխուժել ՀՀ սահմաններից ներս, այդ փաստաթուղթը չի կարող քննարկվել եւ ստորագրվել: Թեեւ մենք խնդիր չենք տեսնում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ, բայց նման պայմաներում չի կարող դա տեղի ունենալ»: Կլինի՞ այդ գործընթացում նոր տարածքների հանձնում, նոր զիջումներ՝ Ռուբինյանը պատասխանեց. «Չկա: Ոչ եւ ոչ»:

Նա ՄԱԿ-ին դիմելը հնարավոր քայլերից մեկն է համարում. «Չեմ բացառում, որ դրան նույնպես կարող ենք հասնել: Դա կախված է տարատեսակ հանգամանքներից»: Ինչքան պիտի ՀԱՊԿ-ին սպասենք՝ կարգավորումներ չկան, բայց կա ողջամիտ ժամկետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31