Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդներն ամենաշատը հայտագրվել են անգլերենի ու մաթեմատիկայի քննության համար, ամենաքիչը` իսպաներենի ու պարսկերենի

Մայիս 26,2021 15:15

Հունիսի 8-ից մեկնարկում են միասնական քննությունները, մասնավորապես այդ օրը դիմորդները քննություններ կհանձնեն կենսաբանություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն առարկաներից: Օտար լեզուների քննությունը հունիսի 11-ն է, Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննությունը` հունիսի 15-ին, մաթեմատիկայինը` հունիսի 18-ին: Հայոց պատմությունից եւ ֆիզիկայից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 22-ին, իսկ քիմիայից եւ ռուսաց լեզվից` հունիսի 25-ին:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրապետությունում ձեւավորված է 36 քննական կենտրոն, 13-ը Երեւանում են, 23-ը` մարզերում: Եվս 5 քննական կենտրոն գործելու է Արցախում: «Ոչ բոլոր քննական կենտրոններն են քննությունների օրերին զբաղված լինելու, այսինքն`36 քննական կենտրոնները կգործեն օրինակ, մաթեմատիկայի քննությանը, որն ամենամեծն է լինելու»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:

«Քննական կենտրոնները կահավորվել են նախորդ տարվա նման` նկատի ունենալով համավարակը եւ անվտանգության կանոնները: Անվտանգ ֆիզիկական հեռավորություն ապահովելու համար նստարաններն իրարից քիչ ավելի հեռու են դասավորվել, եւ բնականաբար, մուտքը լինելու է դիմակով: Քննասենյակի ներսում կլինեն ախտահանող միջոցներ, իսկ դրանից առաջ նստարանները մաքրված կլինեն:

Նշելով արգելքների մասին, Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ երեխաները պետք է չօգտվեն հեռախոսներից` ոչ երկրորդ, ոչ երրորդ, հատկապես որ հաճախ մեկը հանձնում են, մյուս հեռախոսները պահում` օգտվելու համար. «Անկախ նրանից` դիմորդները հասցրել են օգտվել հեռախոսներից, թե ոչ, քննասրահից դուրս կհրավիրվեն»:

Նա անդրադարձավ նաեւ միասնական քննության համար սխալ կամ ավելի մուծված գումարի վերադարձին: ԳԹԿ մամուլի քարտուղարը հայտնեց, որ դիմորդները այդ հարցով պետք է դիմեն ԳԹԿ՝ անձամբ կամ էլեկտրոնային նամակ գրելով [email protected] հասցեին, իսկ դիմումում պետք է նշեն բանկային հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը, այդ հաշվեհամարի տիրոջ ազգանուն, անուն, հայրանունը, դիմորդի ազգանուն, անուն, հայրանունը:

«Օրինակ, անցյալ տարի դիմորդները դիմել էին 3 քննություն հանձնելու համար, բայց այնպես ստացվեց, որ մեկ քննություն հանձնեցին: Մենք վերջնաժամկետ սահմանեցինք, գումարները բանկում էին, չգիտես ինչու ոմանք չեն ստացել դրանք եւ այդ մասին ահազանգում են: Օրինակ, այս տարվա համար էլ, մարդը պետք է ներբուհական քննություն հանձնի, բայց սխալմամբ, այդ 1500 դրամը փոխանցել է ԳԹԿ-ի հաշվեհամարին»,-նշեց Խաչանուշ Գրիգորյանը:

Խնդրեցինք ներկայացնել նաեւ, թե որ քննությունների համար են ամենամեծ եւ որ քննությունների համար ամենաքիչ թվով դիմորդներ հայտագրվել: Պարզվում է` հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի համար հայտագրվել է 3751 հոգի, որոնցից 322-ը արցախցիներ են, անգլերենի քննության համար հայտագրվել է 4246 հոգի, որոնցից 96-ը Արցախից է, 4979 հոգի մաթեմատիկայի քննության համար է հայտագրվել, նրանցից արցախցի է 207-ը: Օրինակ իսպաներենի քննություն կհանձնի 2 հոգի` երկուսն էլ Հայաստանից, իտալերենի քննության համար առաջին փուլով որեւէ մեկը չի հայտագրվել, պարսկերենի քննություն կհանձնի 2 հոգի, աշխարհագրություն`186, որից 1-ը Արցախից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31