Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանրայինն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է…նայեք Պետրոսի հաղորդումները». Տիգրան Հակոբյանը՝ «սեւ ցուցակի» մասին

Մայիս 26,2021 14:54

ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020-ի տարեկան գործունեության մասին հաղորդումը:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց՝ ինչո՞ւ չի հաջողվում գոնե Հանրային հեռուստաընկերության մասով նախկին ավանդույթները փոխել. «Օրինակ, կան մարդիկ, որոնք սիրելի են իշխանությունների համար, Հանրային հեռուստաընկերությունը օրումեջ եթեր է տալիս, կան ատելի կամ սեւ ցուցակում գտնվող մարդիկ, որոնք երբեք չեն լուսաբանվում»: Որպես օրինակ, Թովմասյանը հիշեցրեց, որ երբ իրենց նախաձեռնությամբ ԱԺ-ն ընդունեց հայտարարության նախագիծը, որով Ադրբեջանին դատապարտում են գերիներին չվերադարձնելու համար, այդ զգայուն թեմայով անգամ Հանրայինը ոչ թե հեռարձակում է, այլ մի նախադասությամբ հաղորդավարը հայտնում է, որ ԱԺ-ն ընդունել է այսպիսի վերնագրով հայտարարություն:

Ի պատասխան՝ Հակոբյանը հայտարարեց. «Մենք մի կարծրատիպ ունենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շատ վատ է աշխատում: Եթե ձեր էլեկտրոնային փոստի հասցեն տաք, ես ձեզ կուղարկեմ համեմատականը հյուրերի անվանացանկի, թեմաների ու այդ կարծրատիպը կկոտրվի: Հանրային հեռուստաընկերությունն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է: Որեւէ այլ հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր լինի, թե անկախ, այդպիսի լայն սպեկտոր գործիչների, թեմաների չի տալիս: Խնդրեմ, նայեք Պետրոսի հյուրերին: Որ ինքը իդեալական չի՝ միանշանակ այդպես է, բայց մենք այլ հեռուստաընկերությունների թերությունները չնկատելով՝ ամբողջ մեր ուժը գցում ենք Հանրայինի վրա, որը իրականորեն փոփոխել է իր բովանդակությունը: Հանեք տասը տարվա ցանկը՝ ովքեր են այնտեղ եղել հյուրերը եւ այսօր»:

Թովմասյանը պնդեց, որ Հանրայինը ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունի անկախ պատգամավորների նկատմամբ. «Երբեմն, երբ ԱԺ-ում մոլորյալ լրագրողներ են լինում Հանրայինից, միամիտ մեզանից հարցազրույց են վերցնում ու դա եթեր չի գնում»: Նա վստահեցրեց, որ Հանրայինը բացառապես օրվա իշխանության շահն է պաշտպանում:

Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը հորդորեց բովանդակային խնդիրները քննարկել Հանրայինի խորհրդի անդամների հետ. «Ես չգիտեմ, ԱԺ-ում որեւէ անգամ հավաք եղե՞լ է, նստե՞լ եք, թեյ խմե՞լ եք խորհրդի անդամների հետ: Ոչ մի անգամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի Հանրային ռադիոյի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31