Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։
Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։
Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։
Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ որևէ կրակոց չեն արձակել։
Կարդացեք նաև
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով։
ՀՀ ՊՆ