Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի նեգատիվի գնալու հավանականություն կա». Տարոն Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը ազգայնականության և պոպուլիզմի համար

Մայիս 26,2021 14:42

Ermenihaber. Պոլսահայ հայտնի տնտեսագետ ամերիկաբնակ Տարոն Աճեմօղլուն թուրքական «T24» լրատվակայքին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի տնտեսության խնդիրներից ու առաջիկա ռիսկերից:

Թուրքիայում երիտասարդ տարիքային խմբում աճող գործազրկության մասին հարցին պատասխանելիս՝ Աճեմօղլուն ասել է, որ Թուրքիայում այդ խնդիրը միշտ եղել է՝ բացառությամբ 2000-2006թթ. երբ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին ու երիտասարդների համար հեռանկարներ բացվեցին:

Ըստ տնտեսագետի՝ դրա հետևանքով երիտասարդների մեջ ձևավորված ակնկալիքներին հատկապես վերջին 5 տարում պետությունը այլևս չի կարողանում համարժեք արձագանքել: Աճեմօղլուն նշել է, որ դրա պատճառը Թուրքիայի տնտեսության ոչ արդյունավետ զարգացումն է, ինչն էլ իր հերթին գալիս է տնտեսության ոչ բավարար արտադրողականությունից: Թուրքիան իր հնարավորությունները չի կարողանում ճիշտ օգտագործել:

«Եթե Թուրքիան իր հնարավորությունները սկսի ճիշտ օգտագործել, կարող է ավելի շատ աշխատատեղերի, ավելի լավ աշխատավարձերի ու ավելի արդյունավետ աճի հնարավորություններ գտնել»,- ասել է Աճեմօղլուն:

Վերջինս քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը երկիրը նորից ազգայնական ու պոպուլիստական գիծ մտցնելու համար՝ նշելով, որ սա բազմաթիվ տնտեսական խնդիրներ կառաջացնի, ինչպես որ առաջացրել էր 1990-ականներին:

Հարցին, թե Թուրքիայի տնտեսության մեջ նկատվող ճգնաժամը արդյոք կարող է խորանալ, Աճեմօղլուն դրական է պատասխանել: Ըստ նրա՝ Թուրքիայում հատկապես մեծ խնդիրների առաջ են կանգնած մեծ առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող առանձին խանութները, շինարարական ընկերությունները, խնդիրներ կան ռեզերվների աստիճանական նվազման, տարադրամի փոխարժեքի ու բանկային տոկոսների հետ կապված:

«Այս ցուցանիշներով ավելի նեգատիվի գնալու հավանականություն կա: Այս խնդիրները միայն Թուրքիային չեն հատուկ, այլ տեղերում էլ կան, սակայն որտեղ էլ, որ դրանք ի հայտ են գալիս դրանց տակ սխալ կառավարումն է ընկած»,- ասել է աշխարհում ամենաշատ մեջբերվող տնտեսագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31