Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանը սպառնում է ջրի երես հանել Վլադիմիր Վարդանյանի մութ պատմությունները. Վարդանյանը անցել է թույլատրելի սահմանները ու վիրավորել

Մայիս 26,2021 14:13

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմեց «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատեր, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ակնարկելով, որ իր այս ելույթից հետո ինքը կրկին դառնալու է օրաթերթի «հերոսը»։ «Տիկին Թովմասյան, գիտեմ, որ նոր նախագիծ եք մշակել, եւ այս անգամ չեմ օգնելու։ Գալու եմ հանձնաժողովի նիստերին եւ ձեզ ի ցույց դնեմ ձեր իսկ անգրագիտությունը»:

Այսօր Թագուհի Թովմասյանը պատասխանեց Վլադիմիր Վարդանյանին նույն ոճով. «Այսօր եմ ծանոթացել, որ Վլադիմիր Վարդանյանը, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, վիրավորական արտահայտություններ է արել իմ հասցեին, որն ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Նա խոսել է ինչ-որ նախագծի մասին, որ ինքը օգնել է այդ նախագծի կայացմանը, կամ չգտեմ, խմբագրական աշխատանքներ է կատարել: Նախ, ուզում եմ քաղաքացիներին տեղեկացնել, որ այն նախագիծը, որի մասին խոսում է Վլադիմիր Վարդանյանը, Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին է, գերիներին չվերադարձնելու մասով: Ես ենթադրում էի, որ այդ նախագիծը պետք է աներ իշխող խմբակցությունը, առավել եւս՝ Վլադիմիր Վարդանյանը՝ որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, բայց չի արել, մենք ենք ներկայացրել՝ անկախ պատգամավորներով: Ինքը իր պաշտոնական պարտականություններից բխող աշխատանք է իրականացրել խորհրդարանում: Երբ որ Գոռ Գեւորգյանը նրան առաջարկել է, որ մի հատ էլ նայի տեքստը, սիրահոժար ասել է՝ այո, ես էլ կնայեմ, միջազգային իրավունքի մասնագետ եմ եւ այլն: Եվ այսօր գալ ու երեսով տալ, թե՝ ձեր նախագիծը անգրագետ նախագիծ էր, ես ուղղել եմ եւ էլ չեմ ուղղելու, ներողություն, դուք որեւէ մեկի նկատմամբ մեծահոգություն կամ բարեգթություն չեք ցուցաբերում: Դուք ընդամենը կատարում եք ձեր պարտականությունները, որի համար վճարվում եք: Ի դեպ, ես էլ, որպես ընկերության սեփականատեր, որպես հարկատու ձեզ վճարում եմ դրա համար, եւ դուք պարտավոր եք կատարել այն աշխատանքը, ինչի համար կոչված եք ԱԺ-ում»:

Թովմասյանն ասաց, որ նույն Վլադիմիր Վարդանյանը ուզեցել է դառնալ նախագծի համահեղինակ, ինչին իրենք դեմ են եղել. «Եթե խոսում է, անցնում է գծեր, ուրեմն թող մտածի, որ ասելու շատ բան կա»: Ավելին՝ Թովմասյանն ասաց, որ եթե Վլադիմիր Վարդանյանը ակնկալում էր, որ դա վճարովի ծառայություն է, իրենք պետք է վճարեին դրա համար, թող ասեր, կմտածեին՝ օգտվո՞ւմ են այդ ծառայությունից, թե՞ ոչ: Պատգամավորի համար անհասկանալի է Վարդանյանի վրդովմունքը. «Եթե այդքան համարձակություն ունեք, կարող եմ ձեզ ուղեկցել սահման՝ իմ ծննդավայր, եկեք ադրբեջանցիների հետ ձեր ագրեսիան ցուցաբերեք այնտեղ»:

Խոսելով անգրագիտության մասին՝ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովով էին անցնում սահմանադրական «բարեփոխումների» նախագծերը, որով ՍԴ-ի ճգնաժամն էին փորձում հանգուցալուծել ու ամեն անգամ շառաչուն ապտակ էին ստանում՝ իրենց իրավական անգրագիտության համար. «Ու խոսում է գրագիտությունից, այնպիսի հարցերից, որոնց մասին գոնե պիտի լռի: Չշարունակեմ մյուս թեմաները իր կյանքի մութ պատմությունների մասին, դա էլ երեւի ուրիշ առիթ կլինի: Այստեղ հոխորտում էր, թե նոր նախագիծ եք բերել, որի վրա չեմ աշխատելու: Բնականաբար չես աշխատելու եւ չենք էլ թողելու, որ աշխատես: Վաղը մենք այստեղ քննարկելու ենք Արցախի դեօկուպացիայի հարցը: Մենք հասնելու ենք այդ հայտարարության ընդունմանը, դա դուք պիտի անեիք՝ հեռանալուց առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31