Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը՝ գործարարներին ՔՊ ցուցակում ընդգրկելու մասին. «Մեր օրենքը ոչ թե արգելում է մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»

Մայիս 26,2021 13:38

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի մասին, որտեղ տեղ են գտել գործարարներ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը:

Լրագրողները Մակունցին հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե գործարարները տեղ չեն ունենալու խորհրդարանում ու հիմա ինքն է նրանց բերում խորհրդարան: Մակունցը պատասխանեց. «Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչեւ մեծ ընկերություններ ունեցողները համարվում են գործարարներ: Այն դեպքում, երբ այդ մարդիկ, անկախ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել, բոլոր նման դեպքերի համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը: Եվ եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն էթիկայի հանձնաժողով գոյություն ունի նման դեպքերի համար, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինքը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները՝ ընդհուպ մինչեւ մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, խոշոր գործարարից դառնալու է սեփականատե՞ր ու իր բիզնեսները տալու է կառավարմա՞ն՝ Մակունցը պատասխանեց, որ ինքը արդեն նշեց օրենսդրական կարգավորումը, մնացածն իր դաշտում չէ:

Լրագրողները հիշեցրեցին, որ նախկինում էլ խորհրդարանում հայտնված գործարարները նույն պատճառաբանությունն էին բերում իրենց բիզնեսները տվել են կառավարման եւ իրենք, ըստ էության, բիզնեսով չեն զբաղվում, բայց այն ժամանակվա ընդդիմությունը, այսինքն՝ իրենք, քննադատում էին նրանց՝ Մակունցը արձագանքեց. «Տարբեր արատավոր երեւույթներ ունեցել ենք ՀՀ-ում՝ պայմանավորված շատ տարբեր հանգամանքներով, որոնց մասին թե՛ ես գիտեմ, թե՛ դուք գիտեք: Եղել են նաեւ նման իրավիճակներ, այդ թվում՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով, կամ ինչ-ինչ այլ կոռուպցիոն նպատակներով գուցե: Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել: Եթե որեւէ բան արգելված չէ, օրենքով նախատեսված են նաեւ կարգավորումները, թե ինչպես պետք է արվի: Ու խստորեն բոլորը հավասար են այդ առումով, ես որեւէ կերպ օրենքից դուրս խոսել չեմ կարող»:

Լրագրողները եւս մեկ անգամ հարցրեցին՝ հստակ պատասխան ստանալու համար՝ այդ դեպքում ինչո՞ւ էիք դուք առաջ քննադատում նախկիններին, նույնը իրենք էին անում եւ ասում՝ Մակունցը պատասխանեց. «Երբ օրենքը չի գործում, կարող է տեղ գտնել ցանկացած արատավոր երեւույթ: Մենք այստեղ խոսում ենք, որ օրենքի տառին պետք է բոլորս հետեւենք»:

Մակունցը վստահ է, որ այլ քաղաքական ուժերի ցուցակներում եւս գործարարներ կլինեն տարբեր տրամաչափի: Լրագրողների դիտարկմանը, որ այդ տարբեր քաղաքական ուժերը հեղափոխություն չեն արել ու հեղափոխական խոստումներ չեն տվել, որ պետք է բիզնեսը տարանջատեն քաղաքականությունից՝ Մակունցը արձագանքեց. «Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի՝ ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաեւ ՀՀ օրենքներով սահմանված սկզբունք: Եվ այդտեղ որեւէ հակասություն չկա: Մենք պնդում ենք՝ այն անձինք, ովքեր հայտ են ներկայացնում քաղաքականության, չպետք է համատեղեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31