ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացման խոսքը ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը
Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:
Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև: Այս հանդիպումը լավ առիթ է` մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Հարգելի բարեկամ,
Դուք Հայաստան եք ժամանել մեր տարածաշրջանի համար տագնապալի օրերին, և այդ փաստը մենք բարձր ենք գնահատում։ Արդեն երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներ և փորձում են հրահրել նոր էսկալացիա, որը հղի է տարածաշրջանային նոր սպառնալիքներով։
Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանք է անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։ Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է։
Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում:
ՀՀ ԱԳՆ