«Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները ձեւավորվել են համատեղ կյանքի եւ զարգացման հարյուրամյակների ընթացքում։ Դրանք չեն առաջացել վերջերս կամ ինչ-որ քաղաքական գործիչների ցանկությամբ»,- այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի գնահատմամբ, այդ հարաբերություններն այսօր էլ կան, որոնք Ռուսաստանն ու Հայաստանը կապում են մարդկային, տնտեսական, մշակութային սերտ կապերով: «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն», – վստահ է դեսպանը`հավելելով. «Մեզ շատ բան է միավորում։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես հիմա՝ այս դժվարին պահին, Հայաստանի Հանրապետության կյանքի ու զարգացման շատ բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնցով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»:
Ըստ ՌԴ դեսպանի, պետք է անկեղծ լինենք եւ ընդունենք, որ միակ երկիրը, որը գործնական օգնություն է ցուցաբերել եւ ցուցաբերում Հայաստանին այդ կրիտիկական իրավիճակում, Ռուսաստանն է. «Մեծ ջանքեր են գործադրվել եւ շարունակում են գործադրվել, որպեսզի Ղարաբաղը վերադարձնեն խաղաղ կյանքի եւ զարգացման: Մենք մեծ նշանակություն ենք տալիս, որ Հայաստանի բնակչությունը ավելի արագ հաղթահարի պատերազմի հասցրած սթրեսը»:
Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ, Հայաստանի անվտանգության ապահովման գործում կարեւոր դեր է խաղում նաեւ Սյունիքում ռուսական ռազմակայանը: Դեսպանի գնահատմամբ, Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքի իրավիճակը կարգավորելու համար։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ