Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը հայտարարում էր՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրանց համար հով լռված են». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 26,2021 11:08

«Մի քիչ խախտեմ ներքաղաքական անդորրը»,- այս խոսքերով այսօր ԱԺ նիստում ելույթը սկսեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը սահմանային բախումների հետ կապված հայտարարում էր, որ ամենակարեւորը՝ չկան միջադեպեր ու բախումներ, որոնք բերում են զոհերի կամ վիրավորումների, ամենակարեւոր խնդիրը լուծված է. «Եթե փորձեմ սա տրանսֆորմացնել խորհրդարանական սլենգով, ապա ՊՆ նախարարը հայտարարում էր՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրանց համար հով լռված են եւ որեւէ մեկին չեն խանգարում: Բայց երեկ արդեն մենք ունեցանք զոհ»:

Նա հիշեցրեց, որ երեկ Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգությունից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Յուրայի Խուրշուդյանը. «Հիշեցնեմ, որ Գեւորգ Խուրշուդյանն ուներ երկու անչափահաս զավակ: Սահմանային միջադեպերը շարունակվում են եւ ցավոք սրտի շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք ահա այսպիսի իշխանություն»:

Զոհրաբյանից հետո ամբիոնին մոտեցավ «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն ու ասաց. «Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետեւ մենք ունենք Ադրբեջանի նման հարեւան»:

Նա ասաց, որ միջազգային հանրության արձագանքները արհամարհվում են Ադրբեջանի կողմից, ուստի միջազգային հանրությունը նոր գործիքակազմի անհրաժեշտություն ունի:

Հետո ամբիոնին մոտեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ասելով, որ միջազգային հանրության արձագանքը արհամարհում է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը: Նա խոսեց ՀԱՊԿ-ին ուղղված մեր դիմումի մասին՝ ասելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժել, այլ նաեւ ՀԱՊԿ-ի տարածք. «Մեզ այլ բան չի մնում, քան ձեռնարկել ջանքեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու եւ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Սա այլընտրանք չունեցող քայլ է: Մենք պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք: Այլընտրանքը Հայաստանում քաոս ստեղծելն է եւ այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ կորզելը Հայաստանից: Իսկ դա Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ դիրքորոշումը միայն չէ»:

Բաբաջանյանի ելույթին արձագանքելով՝ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ միջազգային հանրության կոչերը օդից չեն գալիս, դա համառ աշխատանքի արդյունք է: Նա նաեւ ասաց, որ աշխատանք է տարվում տարբեր շերտերում, պետք չի նեղ դիտանկյունից նայել ամեն ինչին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31