Նախորդ ուրբաթ օրվա դրությամբ 1600 անձ դիմել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ պատգամավորության թեկնածու լինելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու համար: Մինչեւ այսօր ժամը 18:00-ն, երբ ավարտվելու է կուսակցությունների կողմից ԿԸՀ ցուցակների ներկայացման ժամկետը, նախնական կանխատեսմամբ 3000 անձ արդեն դիմած կլինի այդպիսի տեղեկանք ստանալու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Արա Մկրտչյանը:
– Պարոն Մկրտչյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են սպասվում մեր երկրում։ Գաղտնիք չէ, որ լավ ընտրություններ անցկացնելու ամենակարեւոր նախապայմաններից մեկը ընտրացուցակներն են։ Ի՞նչ հանձնարարություն ունի Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ոստիկանապետից, ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ ցուցակները մաքրելու համար։
– Համամիտ եմ՝ լավ ընտրություններ անցկացնելու հիմնական գրավականներից մեկը լավ ընտրական ցուցակներն են։ Ոստիկանապետի կողմից առաջին հերթին հանձնարարական է տրված՝ գործելու օրենքի սահմաններում, լիարժեք իրականացնելու այն ամբողջ գործիքակազմը, որն անհրաժեշտ է ցուցակները կազմելու համար: Այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով մենք օգտագործում ենք ոչ միայն Ոստիկանության, այլ նաեւ պետական մյուս մարմինների ռեսուրսները: Մասնավորապես, բացի թղթային, էլեկտրոնային եւ փոստային տեղեկատվությունից, որը մենք պաշտոնապես ստանում ենք ցուցակների հետ կապված, ոստիկանությունը նաեւ իր ունեցած ռեսուրսների շնորհիվ ստուգում է ընտրողների հաշվառումները եւ իրականացնում է այցեր փաստացի բնակության վայրեր, համապատասխանեցնում ցուցակները իրական պատկերի հետ։
Այս հսկայածավալ աշխատանքը, որ ներկայումս կատարվում է ընտրացուցակները մաքրելու համար, չի կարող բացառել որոշակի թերացումներ: Ուստի, նախնական ցուցակները հրապարակելուց հետո մենք ակնկալելու ենք բոլորից՝ հասարակությունից, լրագրողներից ներկայացնել բացթողումների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հիմնական ցուցակները հրապարակելիս բոլոր թերությունները վերացված լինեն։
Կարդացեք նաև
– Ես ճի՞շտ հասկացա, որ ոստիկանները տուն առ տուն, հասցե առ հասցե ստուգումներ են իրականացնում։ Եթե այդպես է, ապա կարո՞ղ եք նշել, թե այս ընթացքում քանի անուն է դուրս եկել ցուցակից այդ այցերի շնորհիվ:
– Ճիշտ հասկացաք, այցեր կատարվում են բնակարաններ եւ մարդկանց բնակության վայրեր՝ ցուցակների իսկությունը ճշտելու համար, սակայն կոնկրետ անհամապատասխանությունների քանակ ես այս պահին նշել չեմ կարող, որովհետեւ դա ամփոփված չի, նման հաշվառում մենք չենք տանում: Նշեմ սակայն, որ անհամապատասխանություններ լինում են մշտապես, ինչը բնական է, քանի որ կյանքը առաջ է գնում եւ յուրաքանչյուր ընտրությունից հետո փոփոխություններ են լինում մարդկանց հաշվառման, բնակության վայրերի տվյալներում: Բացի այդ, ցավոք մարդիկ մահանում են: Կամ 18 տարին լրանալու կապակցությամբ նոր անձինք են ստանում ընտրելու իրավունք: Այս պրոցեսը անընդհատ է եւ դրա համար պետք է մշտապես աշխատել, ճշգրտումներ կատարել։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում