«Պատիվ ունեմ» դաշինքը դեռ մեկ շաբաթ առաջ դիմել է ԶՈՒ գլխավոր շտաբին՝ առաջարկելով դաշինքի ձեւավորած զորախմբի մասնակցությունը` ՀՀ սահմանների պաշտպանությանը, որտեղ որ նպատակահարմար կհամարի ԶՈՒ հրամանատարությունը. «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը:
– Պարոն Աբրահամյան, վերջին օրերին՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում տիրող խառնաշփոթ իրավիճակի ֆոնին, քննադատություններ են հնչում այն քաղաքական ուժերի հասցեին, որոնք լուռ շարունակում են պատրաստություններն առաջիկա արտահերթ ընտրություններին: Չե՞ք կարծում, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի արձագանքը համարժեք չեն միմյանց:
– Ես չգիտեմ, թե կոնկրետ որ ուժերն են լուռ կամ միայն ընտրարշավով զբաղված, սակայն կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք նպատակ ունեն հասնելու գործող իշխանությունների հեռացմանը, պետք է օգտագործեն հնարավոր բոլոր հարթակները` պայքար մղելու եւ հաջողության հասնելու համար: Բուն սահմաններում ստեղծված իրադրության հետ կապված, «Պատիվ ունեմ» դաշինքը դեռ մեկ շաբաթ առաջ դիմել է ԶՈՒ գլխավոր շտաբին՝ առաջարկելով դաշինքի ձեւավորած զորախմբի մասնակցությունը` ՀՀ սահմանների պաշտպանությանը, որտեղ որ նպատակահարմար կհամարի ԶՈՒ հրամանատարությունը:
Շտաբից փոխանցել են, որ դեռ անհրաժեշտություն չկա, սակայն կարեւորում են նման նախաձեռնությունները, որովհետեւ դա բխում է երկրի շահերից:
Կարդացեք նաև
Մյուս կողմից, տարբեր ուժեր, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքն, իրենց քաղաքականությունն իրացնելիս դիմում են նաեւ հավաքների, երթերի գործիքակազմին: Շատ դեպքերում դրանք իրազեկման, ահազանգները լայն մասսաներին հասցնելու եւ պայքարն առավել արդյունավետ հուն մտցնելու նպատակ ունեն: Իսկ եթե քաղաքական ուժերը ակտիվություն չդրսեւորեն եւ այս իրադրության հանգուցալուծումից հետո իշխանությունը առանց որեւէ խնդրի հաղթահարի արտահերթ ընտրությունները, արդյո՞ք քննադատության թիրախում չեն հայտնվի այն ուժերը, որոնք պասիվություն են դրսեւորել եւ քայլեր չեն ձեռնարկել արտահերթ ընտրությունների կայացման պարագայում` մասնակցել եւ հաղթել գործող իշխանություններին: Կրկնում եմ՝ պետք է օգտագործել հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` պայքարելու եւ հաղթելու: Յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունի, յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնում, սակայն մի խնդիր կա, որի շուրջ կոնսենսուս է ձեւավորվում՝ այս իշխանությունը տապալել է ամեն ինչ եւ պետք է հեռանա:
– Արդյոք ՀՀ-ում ներքաղաքական այս ոչ համարժեք վիճակը թշնամուն գործելու առավել լկտիություն չի՞ արտոնում:
– Թշնամու լկտիությունը բխում է ոչ թե ընդդիմության վարքագծից, այլ գործող իշխանությունների իրականացրած քաղաքականությունից: Ի՞նչ կապ ունի ներքաղաքական թոհուբուհը, եթե Հայաստանի սահմանների մի մեծ հատված ստացվում է, որ եղել է անպաշտպան, ինչի արդյունքում ադրբեջանական զորքերն անարգել մուտք են գործել սահմանի հայկական հատված: Ժամանակը ցույց կտա` սա ադրբեջանցիների հետ ձեռք բերված պայմանավորվածությա՞ն արդյունքն էր, թե՞ հանցավոր անգործություն կամ անտարբերություն հանրության եւ մեր պետականության նկատմամբ: Փաստ է, որ ստեղծված ճգնաժամն արդյունք է իշխանության տապալումների, գաղտնի գործարքների, ինչի հետեւանքով մեր կորուստները շարունակվում են:
– «Պատիվ ունեմ» դաշինքի վերջին հանրահավաքում՝ կառավարության շենքի մոտ, Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ պետք է վերակենդանացնել «Հայրենիքի փրկության շարժումը»: «Պատիվ ունեմ» դաշինքը ղեկավարող Արթուր Վանեցյանը նույնպես չբացառեց այդ հնարավորությունը. տեսնո՞ւմ եք նման հնարավորություն եւ դրա իրացում:
– Այն, որ քաղաքական ուժերը նպատակ ունեն տապալելու այս իշխանությանը, արդեն իսկ գովելի է: Քաղաքական ուժերը՝ անկախ նրանից, թե ով ո՞ր ճանապարհով է գնում ու ի՞նչ ձեւաչափով, գոնե կարեւոր հարցերի շուրջ իրենց մոտեցումները պետք է փորձեն ներդաշնակեցնել, ինչն ընդհանուր պայքարին առավել արդյունավետ թափ կհաղորդի: Պետք է նստել եւ խոսել, հասկանալ, թե այս փուլում, այս իշխանության հեռացմանը հասնելու ի՞նչ հնարավորություններ կան, ո՞վ եւ ինչո՞վ կարող են այդ հարցում դերակատարություն ապահովել: Եթե այս հարցերը լուծվեն, ապա ձեւաչափային խնդիրներն արագ կարգավորվող են:
– Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո հնարավոր չեղավ իշխանությունից հեռացնել գործող իշխանությանը, ո՞րն էր «Հայրենիքի փրկության շարժման» անհաջողության պատճառը, ինչո՞ւ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ խայտառակ պարտություն կրած եւ պետությունը կործանման եզրին հասցրած իշխանությունը դեռեւս շարունակում է օրակարգ թելադրել:
– Իշխանությունը հետպատերազմյան փուլում օգտագործեց մարդկանց ճնշելու, բերման ենթարկելու, ձերբակալելու եւ ուղղակի մարդկանց բերանները փակելու ամենատարբեր մեթոդներ: Հասարակությունն իր ներսում չկարողացավ արագ մոբիլիզացվելու եւ իշխանություններին հեռացնելու խնդիրը կատարել, քաղաքական տարբեր ուժերի պայքարը միայն մասնակի արդյունք տվեց: Որոշակի առումով, հանրությունը խորը հոգեբանական, դեպրեսիվ տրամադրությունների մեջ էր, որն արդյունք էր պատերազմում կրած դաժան պարտության, հազարավոր զոհերի, վիրավորների, գերեվարվածների եւ այլն:
Մեծ առումով, արտահերթ ընտրությունների օրակարգը նաեւ արդյունք էր փողոցային պայքարի, որովհետեւ չնայած նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իշխանությունը խոսում էր արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, սակայն ավելի ուշ հետ կանգնեց իր խոստումից: Եվ միայն փողոցային պայքարի ակտիվությունն ու ճնշումն իշխանությանը կրկին ստիպեցին վերադառնալու արտահերթ ընտրությունների սցենարին: Չեմ կարծում, թե ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն է, սակայն եթե վերջին 7 ամսվա ընթացքում հնարավոր չի եղել փողոցի միջոցով հասնել իշխանափոխության, ապա այս հնարավորությունը եւս պետք է օգտագործել:
– Արտահերթ ընտրությունները կարծում եք՝ կլիցքաթափե՞ն իրավիճակը: Տեսակետ կա, որ դրանք Հայաստանը կներքաշեն հերթական խառնաշփոթի մեջ, մանավանդ որ, ըստ որոշ կանխատեսումների, հետընտրական բուռն զարգացումները չեն բացառվում:
– Ընտրությունների ընթացքից, որակից եւ արդյունքից է կախված, թե երկրի կյանքն ինչ ճանապարհ կբռնի: Եթե իշխանությունն օգտագործի իր վարչական լծակները, բռնությունների, ահաբեկումների ու կեղծիքների ոճը, ապա բնական է, որ դա հակազդեցության է բերելու եւ հետընտրական ծանր ժամանակահատված է սկսվելու:
– Ընտրական-հետընտրական շրջանում սահմանային ի՞նչ իրավիճակի սպասել՝ ՀՀ ԶՈՒ-ի այժմյան ամուլ կեցվածքի ֆոնին:
– Ադրբեջանի ագրեսիվությունը ստիպում է մեզ սպասելու իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների: Անհրաժեշտ է շատ արագ կանգնեցնել երկրի գահավիժումը, երկիրը վերադարձնել կայունության փուլ, ինչը մեզ հնարավորություն կտա կայուն անցում կատարելու զարգացման, անվտանգության համակարգի ամրացման եւ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովման:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրություններն, այնուհանդերձ, չկայանան:
– Գործող իշխանություններն այս տարիների ընթացքում այնքան հակասահմանադրական, հակաօրինական գործողությունների են դիմել, որ այս պայմաններում դժվար է բացառել ընտրությունների տապալման հնարավորությունը:
Սակայն կարծում եմ, որ ընտրությունների չեղարկումը, եթե նույնիսկ իրավական ճանապարհով հնարավոր լինի, ապա կտրուկ սրելու է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.05.2021