2021-ի մայիսի 12-ից՝ խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի հիմնարար սկզբունքները` ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք և հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Հնդկաստանին և այլ երկրների դատապարտող հայտարարությունների՝ դուրս չեն գալիս: Այս ընթացքում բախումների ժամանակ եղել են վիրավորներ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:
Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ