Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի հայցն ընդդեմ նախարարի մերժվեց

Մայիս 26,2021 14:30

Ըստ դատարանի՝ «Պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը վերացական բնույթ ունի, եւ ուղղված չէ կոնկրետ անձի, այլ ուղղված է հասարակությանը»:

«Առավոտը» հերթական անգամ ներգրավվել էր որպես երրորդ անձ դատավեճում, քանի որ իքս-պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը հրապարակվել է նաեւ այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ մեր: Այլ ԶԼՄ-ները պարտադիր շեշտվում է, սակայն դատարանում, չգիտես ինչու, միայն մենք ենք: Պատկերացրեք, որ հերթական դատական գործընթացն ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց այս տարվա մայիսի 22-ին՝ երեք տարի հետո: Իսկ վիճարկվել էր 2017թ. դեկտեմբերի 11-ի ասուլիսից հետո լրագրողի դեմ տարածած պաշտոնական հաղորդագրության որոշ ձեւակերպումներ:

Փոխվեց երկու դատավոր, երեք առողջապահության նախարար՝ պատասխանող այդ ընթացքում: Իսկ գործը Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռ. Ափինյանի վարույթում էր 2018թ. հունվարի 15-ի որոշմամբ:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը հայցադիմումով դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին:

Գործընկերս դիմելով դատարան՝ հայտնել էր, որ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում 2017թ. դեկտեմբերի 11-ին որպես լրագրող հանդես գալով մամուլի ասուլիսով, առաջնորդվելով հանրային շահի գերակայությամբ, օպերատիվ կերպով հանրությանն է փոխանցել նախօրեին՝ գիշերն իրեն փոխանցված տեղեկությունը, համաձայն որի. «Բուժաշխատողները որոշ գյուղերում, մասնավորապես` Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում փորձել են դեկտեմբերի 11-ից էլ դեռ առաջ մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստել 13-ամյա աշակերտուհիներին, սակայն նրանց ծնողները հավաքվելով՝ դա թույլ չեն տվել, խայտառակ կերպով դուրս են վռնդել այդ բուժաշխատողներին»:

Լրագրողը հանրությանը միաժամանակ տեղեկացրել է, որ «այն դեռ ճշտված տեղեկություն չէ, իսկ ճշտված չէ, որովհետեւ դեռ չի հասցրել ճշտել, դրա հնարավորությունը դեռ չի ունեցել, տվյալ տեղեկությունն իրեն փոխանցվել է գիշերը: Այսինքն` պատվաստման փորձի ու դրան ծնողների արձագանքի վերաբերյալ վերոնշյալ տեղեկությունը ներկայացրել է ոչ թե որպես իրականություն, այլ իրեն փոխանցված ու դեռ ճշտման կարիք ունեցող լուր, որի իսկությունը մինչ ասուլիսը պարզելու հնարավորություն չի ունեցել»:

Ասուլիսում Արթուր Հովհաննիսյանն ասել էր. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք, ես ուղղակի հիմա որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ, եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննությունը սկսել եւ ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ եթե համապատասխանեց, վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ՝ ի գիտություն իրենց»:

ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017թ. դեկտեմբերի 11-ին «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ հրապարակած պաշտոնական տեղեկատվությամբ լրագրողին մեղադրել էր կեղծիքին ապավինելու մեջ, ինչն ըստ լրագրողի՝ իր հասցեին բացահայտ հերյուրանք է, զրպարտություն ու վիրավորանք:

Բացի այդ, պաշտոնական կողմը պատասխանել էր. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում։ Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին։ Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի` նշելով, թե չի հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը։ Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, որ այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվել պատվաստում կատարել։ Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը։ Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել։ Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…»:

«Առավոտը» երրորդ անձ էր այս դատավեճում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվությունը հրապարակվել է նաեւ այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից, մասնավորապես՝ այն տեղ է գտել նաեւ «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերության www.aravot.am կայքում, հետեւյալ հղմամբ:

Նշեմ, որ առողջապահության երեք նախարարներն էլ պատասխան առարկություն էին ուղարկել դատարան:

Ըստ ԱՆ-ի. «Անհիմն է հայցվորի պնդումներն առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության անունից հրապարակված նյութում տեղ գտած «Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը որպես խորհուրդ, ուղղվել է իրեն, քանի որ հոդվածի համակարգային վերլուծությունից հստակ բխում է, որ նշված արտահայտությունն ուղղվել է հասարակությանը:

ՀՀ առողջապահության նախարարության անունից հրապարակված նյութում առկա տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, հիմնվում է ստույգ փաստերի վրա, նշված տեղեկատվությամբ չի արատավորում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, քանի որ «Պետք չէ ապավինել կեղծիքին», «Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը վերացական բնույթ ունի, որն իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, ուղղված չէ կոնկրետ անձի, այլ ուղղված է հասարակությանը»:

Պատասխանողի առարկությամբ. «ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական www.moh.am կայքում http://www.moh.am/#1/952 հղմամբ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին հրապարակված նյութում տեղ գտած, հայցվորի կողմից որպես զրպարտություն որակված «Պետք չէ ապավինել կեղծիքին», «Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը զրպարտություն չէ, քանի որ բացակայում են արտահայտությունը որպես զրպարտություն գնահատելու համար անհրաժեշտ չափանիշներից առնվազն երեքը»:

Դատարանը՝ դատավոր Լ.Սարգսյան, մերժեց լրագրողի հայցը: Դատարանը վկայակոչել էր տասնյակ որոշումներ Եվրոպական դատարանից. «ՄԻԵԴ-ն այս հարցի վերաբերյալ արտահայտել է դիրքորոշում, որ վիճելի պահանջի եւ զրպարտության պահանջի միջեւ պետք է առկա լինի օբյեկտիվ կապ: Անհատական ենթադրությունները կամ սուբյեկտիվ ընկալումը բավարար է, որպեսզի ուղղակիորեն տուժի անձի շահերը: Սովորական ընթերցողը պետք է զգա, որ կոնկրետ անձը դարձել է քննադատության թիրախ («Թոման ընդդեմ Լյուքսեմբուրքի», 29 մարտի 2001 թ. ՄԻԵԴ վճիռը 38432/97, պարագրաֆ 56): Եվրոպական դատարանի նման մոտեցման հիմքում դրված է այն հանգամանքը, որ հրապարակային խոսքը պետք է լինի հավասարակշռված եւ հիմքում լինի բարեխղճությունը: Բանախոսը պետք է իր խոսքը կառուցի այնպես, որպեսզի լսարանի համար լինի ընկալելի, կոնկրետ, հասցեական, իսկ քննադատության ենթարկված անձը պետք է զգա, որ այն ուղղված է իրեն: Դատարանի համար գնահատման առարկա պետք է լինի ոչ միայն խոսքի հիմքում ընկած փաստարկները, այլեւ որքան է բարեխիղճ գտնվել այդ փաստերը ներկայացնելիս»:

Դատարանը հետազոտելով եւ գնահատելով նշված հոդվածը՝ արձանագրում է, որ նշված հոդվածի ներքո հեղինակը հանրությանը ներկայացրել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ տեղեկատվություն, միաժամանակ հերքելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ մամուլում տարածված որոշակի տեղեկատվությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել