Երեկ այցելել էի հայոց մեծերի Պանթեոն: Առավոտյան ժամը 10-ին նկատեցի Պանթեոնի պատասխանատուին՝ Հրաչիկ Վիրաբյանին, մաքրությունն ապահովողներ Կարինե Հունանյանին ու Ռուբիկ Վիրաբյանին: Վերջինս պոկված ճյուղերն էր հեռացնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի հետնամասից:
Հրաչիկ Վիրաբյանն ասաց, որ Պանթեոնում 61 հուշարձան-գերեզմանատեղիների մաքրությունն ու ծաղիկների խնամքն իրականացնում են փոքրիկ խմբով, ապա ցույց տալով Տերյանի հուշարձանի վարդածառը, ասաց, թե մշակման ձեւերն են փոխվել:
Կարինեն տասներկու եւ ավելի տարի Պանթեոնում մաքրությունն է ապահովում, լվանում մեր մեծերի գերեզմանի քարերը, ավլում, ինչ իմանաս, գուցե մտովի զրուցում նրանցից յուրաքանչյուրի հետ:
Տնօրենի հետ զրույցիս պահին թափառող շները եկան, իրենց ապահով զգալով տեղավորվեցին քարերի, թփերի արանքում: Հենց նրանք էլ վնասում են վարդերի թփերը, քարերը… Այդ հարցով դիմել են պատկան մարմիններին:
«Առավոտը» հետաքրքրվեց տնօրենից` երկու ամիս առաջ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու գողության ճակատագրով: Շենգավիթի ոստիկանության բաժինն է զբաղվում, մինչ օրս չի պարզվել, թե ում էր պետք բանաստեղծուհու գլուխը…
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.05.2021