Սբ Կիրակոս եկեղեցին գտնվում է Կարբիի կենտրոնական մասից արեւելք, միջնադարյան գերեզմանոցից հյուսիս, տնամերձ այգիների միջեւ:
Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով եւ արեւմուտքից կամարաձեւ մուտքով շինություն է: Ներքուստ, արեւելքից կիսաշրջան խորանն է՝ փոքրիկ բեմով: Եկեղեցին կառուցվել է սեւ ու դեղնագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով:
Նրա հիմնադրման վերաբերյալ պատմական տվյալներ չկան: Հնագետ Հովսեփ Եղիազարյանը այն համարել է կառուցված 10-13-րդ դարերում: Եկեղեցու պատերի մեջ դրված են քանդակազարդ խաչքարեր եւ առանձին քարերին կան արձանագրության հատվածներ:
Եկեղեցուն կից, հավանաբար, 17-րդ դարում, բոլոր կողմերից ավելացվել է անմշակ բազալտյա քարերով կառուցված գավիթ-սրահը եւ հին եկեղեցին վերջինիս համար օգտագործվել է որպես բեմ-աղոթասրահ: Վերջինիս երկու կողմերում կառուցվել են փոքրիկ ավանդատներ: Այժմ գավիթը կործանված է, պահպանվել են պատերի հատվածները: Հ. Եղիազարյանը ենթադրել է, որ գավիթը կառուցվել է 18-րդ դարում: 19-րդ դարի առաջին կեսում Հ. Շահխաթունյանցը եկեղեցին տեսել է ավերակ վիճակում:
Կարդացեք նաև
Սբ Կիրակոս եկեղեցին առաջին անգամ հիշատակվում է 1278թ. Կարբիում Մկրտիչ քահանայի կողմից ընդօրինակված ձեռագիր «Ժողովածուի» հիշատակարանում: Գրիչը նշել է, որ ձեռագիրը բացի Սբ Աստվածածին եկեղեցուց, գրվել է նաեւ Սբ. Կիրակոսի եւ Սբ Յուղիտայի վկայարաններում: Իսկ 17-րդ դարում եկեղեցին հիշատակել է պատմիչ Զաքարիա սարկավագ Քանաքեռցին: Նա պատմելով կարբեցի մեծահարուստ վաճառական Դովլաթ բեկի մասին, գրել է, որ վերջինիս Գանձակում մահանալով, մարմինը տեղափոխել եւ ամփոփել են Սբ Կիրակոս եկեղեցու մոտ գերեզմանոցում:
Եկեղեցին վնասվել է 1679, 1827, 1840, 1918 թթ. երկրաշարժերից: 1679թ. հունիսի 4-ին Արարատյան (կամ Գառնիի) երկրաշարժը իր ավերիչ ներգործությունն է ունեցել նաեւ այստեղ: Զաքարիա Քանաքեռցին մեծ դառնությամբ է նկարագրել երկրաշարժի մանրամասները. «Եհաս շարժն մինչ ի գիւղաքաղաքն Կարբի, եւ 3 արք (մարդ) մեռան»: Այդ երկրաշարժից կործանվել է եկեղեցու ծածկը եւ պատերը ստացել են վտանգավոր ճաքեր: Կարբիում կործանվել էին նաեւ Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր Լուսավորիչ եւ այլ եկեղեցիներն ու մատուռները:
Սբ Կիրակոս եկեղեցին այսօր էլ սրբավայր է կարբեցիների եւ շրջակա գյուղերի բնակիչների համար: Այստեղ բերում են կապույտ հազով հիվանդ երեխաներին բժշկելու համար:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
25.05.2021