Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքսանդր Երկրորդից հետո Ռուսաստանը բռնել է հայերին ճնշելու եւ հայկական պետության ստեղծման հնարավորության ոչնչացման ուղի»

Մայիս 26,2021 12:00

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի համոզմամբ՝ «Մինչեւ չսկսենք Ռուսաստանի հետ խոսել հավասարը՝ հավասարի հետ, մեր սեփական շահերից ելնելով, մենք միշտ ենթարկվելու ենք նվաստացման եւ մեզ ոչ ոք չի հարգելու»:

– Պարոն Օհանջանյան, անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր եռակողմ փաստաթղթի ստորագրում այն բանից հետո, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց մի փաստաթղթի աշխատանքային տարբերակ: Ըստ Փաշինյանի՝ նախապատրաստվող փաստաթուղթը 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին: Պարոն Օհանջանյան, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չեն ստորագրել, բայց արդեն 2 եռակողմ փաստաթղթերից հետո Ադրբեջանը Հայաստանին, այսպես ասած՝ պարտադրում է Ադրբեջանի սահմանները ճանաչել, օրեր առաջ Ադրբեջանի նախագահը նշեց, թե պատրաստ են աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, բայց մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին զարգացումներն այս ուղղությամբ:

– Այն, որ Հայաստանի վարչապետը հաստատել է ադրբեջանական կողմի հետ նոր եռակողմ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, ինձ համար անակնկալ չէ: Նոր փաստաթուղթը հանդիսանում է նախորդ եռակողմ հայտարարության բովանդակության տրամաբանական շարունակությունը, որը հիմք հանդիսացավ երկու հայկական պետականությունների կործանման համար: Ակնհայտ է, որ առաջին հայտարարությունում բացակայում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմների մանրամասնությունները: Եվ, որպեսզի արդարացնել Հայաստանի որոշ տարածքներում ադրբեջանական խմբավորումների ռազմական առկայությունը, որոնք օգտագործվելու են ապագայում հաղորդակցման միջանցքների վերահսկողության համար, անհրաժեշտ է իրավական բազա:

Ռուսաստանի՝ որպես ադրբեջանական վերջին պրովոկացիայի, ինչպես նաեւ ղարաբաղյան 3-րդ պատերազմի սկզբի նախաձեռնողի պատկերացմամբ, պետք է մեկընդմիշտ լուծել երկու հանրապետությունների միջեւ սահմանների հարցը, որն էլ անհրաժեշտ շունչ կհաղորդի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստման համար: Ուզում եմ նշել, որ Բաքվում՝ մայիսի 10-ին, Ալիեւի հետ հանդիպման ժամանակ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի սադրիչ հայտարարություններից հետո հաջորդ օրը ադրբեջանական զորքը ներխուժեց Հայաստանի տարածք: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, վերջնարդյունքում, ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքում, պայմանագրի, որը դե յուրե կփաստի, որ երկու հանրապետությունների միջեւ չկան վիճելի հարցեր: Ալիեւի կողմից Հայաստանի հետ նման պայմանագրի կնքման մտադրության մասին հայտարարելը համաձայնեցված քայլ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ: Նման պայմանագրի կամ նմանատիպ այլ պայմանագրի կնքումը Փաշինյանի կողմից կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից եւ հարգում է Ադրբեջանի իրավունքը տիրապետելու իր միջազգայնորեն ճանաչված տարածքը: Դա նաեւ կնշանակի, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում իր ցանկացած գործողությունը՝ այդ թվում նաեւ հումանիտար, պետք է համաձայնեցնի Ադրբեջանի ղեկավարության հետ: 1988 թվականին, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը ոգեւորեց ամբողջ հայությանը եւ վերածնեց հայկական երազանքը, ոչ ոք չէր կարող նույնիսկ ենթադրել, որ կգա օր, երբ Հայաստանի ղեկավարը կդավաճանի հայերի դարավոր երազանքը եւ կթաղի այն՝ ութ հազար Հայրենիքի պաշտպանների հետ միասին:

– Ստացվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման, սահմանազատման գործընթացներով փակվում է ԼՂ հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացը եւ արգելափակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավոր գործունեությունը, որը միջազգային հանրությունը փորձում է վերակենդանացնել: Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմն այս պայմաններում:

– Եթե Հայաստանի վարչապետը նման համաձայնություն կամ հայտարարություն ստորագրի Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, դա բավական կբարդացնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքին համապատասխան եւ միջազգային միջկառավարական ինստիտուտների շրջանակներում, որոնք կոչված են լուծելու Արցախի հարցը միջազգային իրավական գործիքների միջոցով: Ռուսաստանի, այսպես կոչված, խաղաղապահ զորքերի կողմից Արցախի միակողմանի օկուպացիան ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի արհամարհում եւ միջազգային օրակարգին հակառակ:

Արդեն ակնհայտ է, որ Արեւմուտքն ի վիճակի չէ կուլ տալ Ռուսաստանի արածը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ առաջադեմ արեւմտյան տերությունները՝ Միացյալ Թագավորությունը, Կանադան եւ ուրիշները խոսում են հակամարտության գոտում ռուսական զորքերի հետ միասին միջազգային խաղաղապահ զորքերի ներկայության անհրաժեշտության մասին: Դա նշանակում է, որ մոտ ապագայում ոչ միայն ինտենսիվանալու է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային գործընթացը, այլեւ Ղարաբաղում բացվելու են ԵԱՀԿ ներկայացուցչության ռազմական գրասենյակներ, որոնք սկզբնական փուլում՝ մինչեւ հակամարտության գոտի չեզոք երկրներից խաղաղապահ զորքեր մտցնելը, անց են կացնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական վիճակի մոնիթորինգ եւ սահմանափակելու են Ղարաբաղում ռուսական հնարավորությունների առկայությունը:

Ավելի ուշ տեղակայվելու են զորամիավորումներ՝ համաձայն ԵԱՀԿ որոշումների եւ համաձայնեցված այլ միջազգային միջկառավարական կազմակերպությունների հետ, եւ խաղաղապահների գործունեության նկատմամբ ղեկավարումն իրականացվելու է ռոտացիոն հիմունքներով: Դա իրադարձությունների տրամաբանությունն է, որը պետք է զարգանա: Արեւմուտքը թույլ չի տալու Ռուսաստանին Արցախում իրեն պահել այդքան բիրտ: Ավելին, իմ մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս է խաղաղապահ առաքելությունը հանդուրժում, որ Ադրբեջանի իշխանությունները շատ հաճախ նրանց արգելում են մուտք գործել Շուշի եւ Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ այլ տարածքներ: Նոնսենս է, կամ էլ՝ մեր թշնամու հետ նախօրոք պլանավորած գաղտնի համաձայնություն:

– Պարոն Օհանջանյան, Հայաստանի տարածք էին ներխուժել ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ: Հայաստանում բուռն քննարկվում է հարցը, թե ինչու Հայաստանի կողմից Ռուսաստանին դիմելու պարագայում՝ մեր ռազմավարական դաշնակցին անգամ 2 տողանոց հայտարարություն չարեց, չդատապարտեց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ակնհայտ փաստերը, եւ շատերի կարծիքով, դա ունի հիմնավոր պատճառ՝ եթե ՌԴ-ն քննադատի Ադրբեջանի գործողությունները, Բաքուն անմիջապես օրակարգ կմտցնի ռուս խաղաղապահներին ԼՂ-ից դուրս հրավիրելու հարցը, որը, ի դեպ, պարբերաբար Բաքուն թեժացնում է: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կաշկանդված է եւ խուսափում է անգամ համարժեք հայտարարություններ անել, այդ դեպքում՝ էլ ի՞նչ սպասենք ռուսական կողմից, եթե Աստված մի արասցե, ԼՂ-ում ու ՀՀ սահմաններից ներս թուրք-ադրբեջանական տանդեմը նոր պատերազմ հրահրի:

– Ես արդեն նշեցի, որ Հայաստան ներխուժելը նախօրոք պլանավորած սցենար էր եւ համաձայնեցրած Մոսկվայի հետ: Դա քննարկել է Լավրովը Ալիեւի հետ Բաքվում: Դա Ռուսաստանի գաղտնի համաձայնությունն է Թուրքիայի հետ՝ Թուրքիայից ստանալ Մերձավոր Արեւելքում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում զիջումներ, ինչպես նաեւ խոշոր առեւտրային գործարքներ, որոնք Ռուսաստանի դեմ տոտալ պատժամիջոցների պայմաններում նրան ուղղակի կփրկեն կործանումից:

Ժամանակին Հայաստանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ, մեծ սխալ թույլ տվեց՝ հրաժարվելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ նախընտրելով Մաքսային միության հետ համաձայնագիրը՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում: Ներկայիս պատերազմը եւ երկու պետությունների համար դրա ցավալի հետեւանքները այդ դավաճանական քաղաքականության արդյունք են: Դժվար թե այսքան նվաստանայինք, եթե նախընտրեինք Եվրոպան՝ Ռուսաստանից: Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի նման վարքագիծը միանգամայն կանխատեսելի էր: Այդ մասին հարցազրույց եմ տվել եւ իմ կանխատեսումները իրականացան: Հայաստանը պետք է դուրս գա այդ անիմաստ միջազգային կառույցներից, որոնք հանդիսանում են Ռուսաստանի կցորդը եւ մեծ հաշվով ի վիճակի չեն լուծել որեւէ խնդիր: Հարկ է նաեւ նշել, որ այսօր Ռուսաստանը «սուր է ճոճում» իր զենքով, բայց իրականում բուտաֆորիա է եւ այդ երկիրը շատ թույլ է ու այսօր ի վիճակի չէ դիմակայել Թուրքիային, որը սատարում է Ադրբեջանին: Ռուսաստանը բավարար ուժ չունի աջակցելու իր դաշնակիցներին:

– «Կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը վերաբերում են այն հարցերին, որոնք Հայաստանից ու Ադրբեջանից պահանջում են լրացուցիչ ջանքեր գործադրել», օրեր առաջ նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը հեռացնելու հարցը: Պարոն Օհանջանյան, բոլորը հիշում են, նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր հետո տեղեկություն հրապարակվեց Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցի մասին, որում ՌԴ նախագահն Ալիեւին ասել էր, թե Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու: Ռուսական կողմն այս հարցում էլ, փաստորեն, չի իրականացնո՞ւմ իր ֆունկցիաները:

– Ի՞նչ է բխում ձեր հարցից: Պարոն Պուտինը համաձայնություն է տվել ոչնչացնել Արցախի կրոնական եւ մշակութային հուշարձանները: Այն ամենն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ կապված կրոնական եւ մշակութային օբյեկտների ոչնչացման հետ, իրականացվում է Ռուսաստանի նախագահի՝ հայ ազգի հիմնական թշնամու, իմացությամբ: Եվ վերջապես մենք պետք է մի բան հասկանանք, որ Ալեքսանդր Երկրորդի մահից հետո Ռուսաստանը բռնել է հայերին ճնշելու եւ հայկական ինքնիշխան պետության ստեղծման ցանկացած հնարավորության ոչնչացման ուղի: Մինչեւ մենք սա չմտցնենք մեր գլուխները եւ չսկսենք Ռուսաստանի հետ խոսել հավասարը՝ հավասարի հետ, մեր սեփական շահերից ելնելով, մենք միշտ ենթարկվելու ենք նվաստացման եւ մեզ ոչ ոք չի հարգելու: Կարեկցանք կլինի, բայց ոչ ոք եղբայրական օգնության ձեռք չի մեկնելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 25.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31