Խորհրդային Հայաստան, 1938 թվական, սեպտեմբեր ամիս. Գերագույն Հոգեւոր Խորհուրդը որոշում է զրկել Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանին հոգեւոր կոչումից՝ համաձայն սեփական ցանկության։ Նույն որոշմամբ դատապարտում նրան հայկական կամավորական շարժումը նախաձեռնելու եւ ղեկավարելու համար, ակնարկելով, որ հայերի կոտորածը հանդիսացել է այդ շարժման հետեւանք։
Պատկերավոր ասած, մի խումբ հայեր մեղադրում էին մյուս խումբ հայերին հայրենասիրություն եւ արժանապատվություն ունենալու, սեփական կյանքի ու կրոնի ազատության եւ առհասարակ գոյության իրավունքները զենքով պաշտպանելու համար։ Ու դա արվում էր այն ժամանակ, երբ թարմ էին Մեծ եղեռնի վերքերը, չէին մոռացվել Շուշիի ջարդերը, նոր էր խեղդամահ արվել Խորեն Ա Կաթողիկոս Մուրադբեկյանը։
Ակամայից առաջանում է վերջին տասնամյակների թերեւս ամենաարդիական հարցը՝ մի՞թե ճիշտ են այն պատմաբանները, որոնք պնդում են, որ մենք այսպիսին ենք եղել միշտ։
Անգլիացի անվանի պատմաբան Էդվարդ Գիբբոնն իր դասական համարվող՝ «Հռոմեական կայսրության կործանման եւ անկման պատմություն» աշխատությունում, որը ընդգրկում է կայսրության շուրջ 1500 տարվա քրոնիկոնը, հայերի մասին խոսելիս մեզ բնութագրում է որպես կայսրության առավել ռազմաշունչ ազգերից մեկը, անվանելով արժանապատիվ, խիզախ, արհեստավարժ, բանիմաց եւ հայրենասեր ժողովուրդ։
Կարդացեք նաև
Հայկական հեծելազորն ու աղեղնավորներին պատմաբանն առհասարակ համարում լավագույնը, քանի որ իրենց քաջությամբ եւ կազմակերպվածությամբ հաճախ շրջել են ճակատամարտերի ընթացքը։
Արձանագրում է, որ հայերից հավաքագրված կայսերական գվարդիան աչքի է ընկել կարգապահությամբ եւ ի հակառակ պրետորական պահակախմբի, բազմիցս ապացուցել հավատարմությունը պարտքին ու երդմանը։
Այնուհանդերձ, հետագայում ինչ-որ բան զարգացավ այլ կերպ։ Նույն պատմիչը, խոսելով 12-րդ դարում արդեն պետականությունը չունեցող հայերի մասին, նշում է, որ ինքնավարության հետ մենք կորցրեցինք նաեւ քաջությունը։ Իրոք, հաջորդող շուրջ հազար տարիներն եղել են հնազանդության, հարմարվողականության եւ բարոյալքվածության տարիներ։ Այդ անասելի երկար ժամանակի ընթացքում վերոնշյալ բացասական երեւույթները ձեւավորել են մեզանում զոհի բարդույթ։ Մեծն Րաֆֆին դրա հիմնական պատասխանատու էր տեսնում եկեղեցուն, որը քրիստոնեական հնազանդություն քարոզելով վերացրեց ժողովրդի ինքնապաշտպանության բնազդը, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Սակայն, ինչպես լինում է նման դեպքերում, մեկ կամ երկու գործոն բավարար չեն եւ հավանաբար եղել է պատճառների ամբողջություն, որոնց թվում են նախարարների դավաճանությունն ազգային արժեքներին եւ սեփական շահերը համաժողովրդականներից վեր դասելը։
Հետագայում, մի շարք ողբերգական իրադարձությունների միջոցով անցած Հայաստանը խորհրդայնացվեց եւ մեծ պետության կազմում մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Որքան էլ տարօրինակ հնչի, Հայրենական մեծ պատերազմը որոշ առումով դրական անդրադարձավ մեզ վրա՝ արթնացնելով հայերի այն հատկանիշները, որոնց մասին գրում էր Գիբբոնը։ Արդյունքները հայտնի են՝ երկու մարշալ, տասնյակ գեներալներ, Խորհրդային Միության 99 հերոսներ եւ որպես այս ամենի կուլմինացիա՝ ավանդական Քոչարին Ռեյխսթագի պատերի մոտ՝ Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի զինծառայողների կատարմամբ։
Հաջորդած խաղաղ եւ ստեղծագործ տարիները ծաղկեցրին Հայաստանը։ Հասարակությունը վերագտավ իր մոռացված արժեքները։ Կրթված եւ բարեկիրթ մարդը դարձավ համայնքի հիմքը, ով մի օր կանգնեց իր ազգի իրավունքների պաշտպանությանը, սկզբից խաղաղ, այնուհետեւ պարտադրված՝ զենքը ձեռքին։
Կանգնեց ու հաղթեց։ Հաղթեց, քանի որ ավելի կազմակերպված էր, կրթված, ազատ, քննադատող եւ վերլուծող, գիտեր մի շարք հիմնարար հարցերի պատասխանները։
Բայց հաղթանակը, ինչպես ասում է դասականը՝ մեզ բերեց պարտություն։ Շուրջ 30 տարի շարունակ ընթացող կրթական համակարգի բովանդակային կազմալուծումը, աղաղակող անարդարությունները եւ որպես հետեւանք վերափոխված արժեհամակարգն ու պետության նկատմամբ անտարբեր վերաբերմունքը շատ արագ կրկին մոռացության մատնեց այն հային, որով հիանում էին կեսարները, ով մասնակցել էր Բեռլինի ճակատամարտին, ազատագրել Շուշին։
Եվ այդպես աններդաշնակ մենք մտանք 2020 թվական, որի ընթացքում տեղի ունեցած համազգային աղետները՝ համավարակը եւ պատերազմը, ջրի երես հանեցին անհատի, հանրության եւ պետության մակարդակներում կուտակված խնդիրները։ Դրանց շարքը, ցավոք, երկար է, այն սկսում է պարզագույն անկարգապահությունից, մինչեւ համազգային գերակայությունների, պետության ու պետականության թյուր ընկալում ու կարեւոր հարցերին պատասխանների չիմացություն։
Այս համատեքստում, դեպի 22-րդ դար ձգտող հասարակությունը պետք է հստակ գիտենա մի քանի թվացյալ պարզ հարցերի պատասխանները՝
ի՞նչ է հայրենիքը, ինչո՞ւ պետք է սիրել հայրենիքը, ինչո՞ւ պետք է ձգտել ապրել հայրենիքում, ինչպե՞ս պետք է այդ սերը դրսեւորել, ի՞նչ է պետությունը, ինչպե՞ս պետք է պետությունը դրսեւորի իր սերը քաղաքացու նկատմամբ եւ ի՞նչ պայմաններ պետք է ստեղծի համամարդկային արժեքներ ունեցող ապագայի մարդու ձեւավորման ուղղությամբ։
Այս հարցերի պատասխանները չեն կարող ծնվել ինքնաբուխ, դրանք պետք է մշակվեն վեր քաղաքական նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի եւ Սփյուռքի ակադեմիական, մտավորական եւ հասարակական լայն շերտերի ներգրավմամբ, այնուհետեւ ձեւավորվեն որպես շրջանակային մոտեցում եւ ամրագրվեն բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտով, միգուցե սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի միջոցով ու ներդրվեն նախակրթականից մինչեւ հետբուհական կրթական համակարգեր։
Սա է արդյունավետ հասարակություն կառուցելու ճանապարհը, որի բոլոր մեխանիզմներն աշխատում են որպես համակարգ՝ լուծելով ինչպես մարդու, այնպես էլ պետության ու աշխարհասփյուռ հայության առջեւ կանգնած խնդիրները։
Հուսով եմ, որ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք նմանօրինակ համազգային առաջնահերթությունները կդարձնեն սպասվող ընտրությունների թիվ մեկ օրակարգ, այլապես հազար տարի հետո կգտնվի մեկ ուրիշ պատմաբան, որը նորից ափսոսանքով կգրի հայերի եւ հայության կորցրած հատկանիշների մասին։
Դ. ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ
բ.գ.թ.
«Առավոտ» օրաթերթ
25.05.2021