Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Սովորաբար ասում են, որ քաղաքականությունը պոռնկություն է․ չկա բարոյականություն, կան միայն շահեր։ Այնուամենայնիվ, գոյություն ունի նաև կեղծավորություն կոչվածը։ Չնայած ճիշտ է, որ անհատները կամ ժողովուրդները կարող են որոշ ժամանակով խուսափել ցանկացած անազնիվ պահվածքի հետևանքներից, սակայն, ի վերջո, նրանք ստանում են իրենց արդար պատիժն ու բացահայտվում։
Կարդացեք նաև
Աշխարհում կան նման անազնիվ պահվածքի բազմաթիվ օրինակներ, բայց կենտրոնանանք Ադրբեջանի ներկայիս դեպքի և նրա կեղծավոր վերաբերմունքի վրա:
Ադրբեջանը իսլամական պետություն է և ակտիվ անդամ է Իսլամական համագործակցության կազմակերպության, որը բաղկացած է 57 անդամ պետություններից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի՝ Իսրայելով հմայված լինելն ի սկզբանե սկսվել է իր «մեծ եղբոր»՝ Թուրքիայի պահվածքը օրինակելով, որը մեծ ջանքեր էր թափում Իսրայելն և ամերիկյան հրեական կազմակերպությունները սիրաշահելու համար, որպեսզի արժանանա Միացյալ Նահանգների բարեհաճությանն ու հակազդի ամերիկահայ համայնքի ջանքերին Կոնգրեսում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
Ցավոք, Իսրայելի կառավարության և Ամերիկայի հրեական կազմակերպությունների վարքագիծը հավասարապես լկտի և անբարոյական էր․ նրանք մտադիր էին գրկախառնվել Թուրքիայի Հանրապետության հետ, որը հավակնում էր լինել բարեկամական և աջակցող այն ժամանակ, երբ Իսրայելը շրջապատված էր մեծ թվով թշնամական արաբական պետություններով:
Ի վերջո, Իսրայելի և ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարները հասկացան Թուրքիայի կեղծ բարեկամությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս անարգեց Իսրայելին և հրեաներին՝ ատելությամբ լի հակասեմական հայտարարություններ անելով: Վերջապես, թուրքական կեղծավորությունը բացահայտվեց և հարաբերությունները խզվեցին․․․
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն ընդօրինակեց Իսրայելի և ամերիկյան հրեական կազմակերպությունների նկատմամբ կեղծավոր թուրքական օրինակը։ Այս դեպքում, սակայն, Ադրբեջանը հետապնդեց շատ ավելի մեծ շահեր, քան զուտ լոբբիստական աջակցությունն էր: Հարաբերությունները շուտով վերածվեցին փոխադարձ շահագործման՝ հիմնված ստի ու խաբեության վրա: Նավթադոլարներով հարուստ Ադրբեջանը Իսրայելից գնեց միլիարդավոր դոլարների մահաբեր անօդաչու թռչող սարքեր և այլ ժամանակակից զինատեսակներ՝ վերջինիս նավթ մատակարարելու դիմաց: Էլ չասած Իսրայելի անբարոյական և հանցավոր գործողությունների մասին Հոլոքոստը վերապրածների ժառանգների, որոնք մահացու զենք են մատակարարում Հայոց ցեղասպանությունը վերապրածներին սպանելու համար:
Այնուամենայնիվ, Իսրայելի ղեկավարներն անտեսեցին կեղծավորության, խաբեության և փոխադարձ շահագործման բոլոր ակնհայտ նշանները՝ կուրացած ամենազոր դոլարներից։ Ինչպես տեղեկացրել էի իմ նախկին հոդվածում, Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի կեղծավորության առաջին նշանները բացահայտվեցին 2021 թ․ մարտի 18-ին Ժնևում, երբ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության երրորդ քարտուղար Շահրիար Հաջիևը ելույթ ունեցավ Մարդու իրավունքների խորհրդում՝ խստորեն դատապարտելով Իսրայելի կողմից պաղեստինցիների «մարդու իրավունքների զանգվածային, բացահայտ և համակարգված խախտումները»: Բացառությամբ Միացյալ Նահանգների Սայմոն Վիզենտալ կենտրոնի քննադատական արձագանքի, Իսրայելի ղեկավարներն անտեսեցին ադրբեջանական հարձակումը, նույնիսկ այն բանից հետո, երբ 2021 թ․ ապրիլի 4-ին իմ խմբագրականը վերատպվեց Իսրայելի Jerusalem Post-ում։
Շատ ավելի սարսափելի իրադարձություններ տեղի ունեցան մայիսին, երբ Իսրայելն ու պաղեստինցիները Գազայում սկսեցին փոխադարձ հրթիռային հարվածները՝ սպանելով ավելի քան 200 պաղեստինցիների և մեկ տասնյակ իսրայելցիների: Ամբողջ արաբական և իսլամական աշխարհը դատապարտեց Իսրայելի հարձակումը Գազայի վրա, բացի Ադրբեջանից: Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելի ոստիկանությունը հարձակվեց արաբ հավատացյալների վրա իսլամական ամենասուրբ մզկիթներից մեկում՝ Երուսաղեմի Ալ-Աքսայում, Ադրբեջանը մնաց լուռ:
Ինչպիսի՞ հետևանքներ կունենա Ադրբեջանի կողմից իր մահմեդական եղբայրներին լքելը։ Թուրքիան և մասնավորապես նախագահ Էրդողանը, իհարկե, իրենց դավաճանված են զգում «կրտսեր եղբոր» կողմից, որին Թուրքիան օգնեց հաղթել Հայաստանի դեմ պատերազմում և գրավել Արցախի տարածքների մեծ մասը: Մինչ Էրդողանը խիստ քննադատում էր Իսրայելին և սպառնում ռազմական միջամտությամբ, Ադրբեջանը լռում էր: Դա աննկատ չի մնա Անկարայում կամ իսլամական այլ մայրաքաղաքներում:
Հաջորդ անգամ, երբ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) ներկայացնի մեկ այլ բանաձև՝ դատապարտելու քրիստոնեական Հայաստանը, ԻՀԿ-ի անդամ պետություններն Ադրբեջանին կհիշեցնեն Գազայի վրա իսրայելական հարձակման ժամանակ նրա լռության մասին: Ճակատագրի հեգնանքով, իսրայելա-պաղեստինյան վերջին գրոհների մեկնարկից անմիջապես առաջ, Ադրբեջանն առաջարկել էր միջնորդել Իսրայելի և Թուրքիայի միջև հաշտեցմանը: Ադրբեջանի լռությունը Գազայի հարձակման ժամանակ վերջ դրեց նաև այդ հեռանկարին:
Ադրբեջանի իսրայելամետ դիրքորոշումը, անշուշտ, բեկում կստեղծի Թուրքիայի հետ: Ադրբեջանի ղեկավարը վերջին անգամ այդպիսի անբարյացակամ վերաբերմունք արտահայտեց Թուրքիայի դեմ, երբ Հայաստանն ու Թուրքիան 2009-ին ստորագրեցին իրենց ընդհանուր սահմանը բացելու մասին արձանագրությունը, որին նախագահ Ալիևը կտրականապես դեմ արտահայտվեց և հայտարարեց, որ դա կվնասի Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին: 2010 թ․ փետրվարի 25-ին Բաքվում պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի հետ հանդիպման ժամանակ «Ալիևը հստակ արտահայտեց իր նողկանքը Էրդողանի կառավարության նկատմամբ Թուրքիայում՝ ընդգծելով նրանց արտաքին քաղաքականության «միամտությունը» և նախաձեռնությունների ձախողումը, այդ թվում՝ Թուրքիայի աջակցության կորուստն ավանդական միջազգային բարեկամների շրջանում, Իսրայելի նկատմամբ Անկարայի թշնամանքի պատճառով: Նա նշեց, որ, իր կարծիքով, Թուրքիայում երբևէ որևէ արժանիք չի ունեցել «չափավոր իսլամիստական» կառավարություն հասկացությունը, և որ Էրդողանի պնդումը՝ նպաստել Համասին ու Գազային (երբ արաբական մյուս երկրներն ակնհայտորեն լռում էին այդ հարցերի վերաբերյալ), Թուրքիային որևէ օգուտ չի բերել», հայտնում է «Վիկիլիքսը»:
Վերջին հաշվով, Ալիևի իսլամական համերաշխության բացակայությունը՝ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծման հարցում, կարող է խարխլել նրա կառավարության կողմից Ադրբեջանում 10 միլիոն շիա և սուննի մահմեդականների ղեկավարումը, որոնց խրախուսում է Էրդողանը և, որը Արցախյան պատերազմից հետո խիստ վերահսկողություն ունի Ալիևի նկատմամբ: Ալիևի գրկախառնվելն Իսրայելի հետ բացասաբար կանդրադառնա նաև Ադրբեջանի հարաբերությունների վրա հարևան Իրանի և նրա մեծաթիվ ադրբեջանական բնակչության հետ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի