Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյանը՝ Քերոբյանի գրառման մասին. «Շինարարության ոլորտը ապրիլին փակ էր, եթե մի բան կանգնած էր ու սկսել է աշխատել, բնականաբար աճ ենք ունեցել»

Մայիս 25,2021 23:13

«Ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում, Հայաստանն արդեն շինհրապարակ է»,- էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այս գրառումը սոցցանցերում զավեշտալի մեկնաբանությունների ու հումորների տեղիք է տվել: Մարդիկ ասում են, որ Քերոբյանը խառնել է ուրիշ երկրի հետ, մեր երկրում ինչ է կատարվում, նախարարն ինչ է երեւակայում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ Քերոբյանը «աբսուրդ» բան չի ասել. «Նա հիմնվել է պաշտոնական վիճակագրության վրա, այսօր տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն: Այդտեղ մենք ունենք ամսական կտրվածքով տնտեսական ակտիվության 23% տոկոս աճ, այսինքն՝ ապրիլը ապրիլի համեմատ: Ժամանակահատվածի կտրվածքով առաջին 4 ամիսը նախորդ  տարվա 4 ամիսների համեմատ ունենք 2,3% աճ: Եվ կան ուղղություններ, որտեղ աճը շատ ավելի զգալի է, օրինակ, շինարարության ոլորտում, եթե համեմատում ենք այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի հետ, ունենք 87% աճ, իսկ եթե համեմատում ենք հունվար-ապրիլը, ունենք շուրջ 20% աճ: Տեսանելի աչքով դա երեւում է: Շինարարություններ կային, որ սառեցված էին, սկսել են աշխատել:

«Վերածվել է շինհրապարակի»՝ այդ ձեւակերպման մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց ակնհայտորեն անցած տարվա համեմատ մենք ունենք տնտեսական ցուցանիշների բարելավում: Ընդ որում, դա անպայման պայմանավորված է նրանով, որ անցած տարի մենք ունեցել ենք շատ վատ բազային ցուցանիշներ: Մենք ունեցել ենք հա՛մ տնտեսական անկում, հա՛մ լոքդաուն, նույն շինարարության ոլորտը ապրիլին փակ էր, կորոնավիրուսի պատճառով չի աշխատել: Եթե մի բան կանգնած էր ու սկսել է աշխատել, բնականաբար աճ ենք ունեցել: Բայց ակնհայտ է նաեւ, որ որոշակի ակտիվացում տնտեսության մեջ կա»:

Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին՝ Թունյանն ասաց, որ ներդրումների վիճակագրություն չի հրապարակվել ու չի կարող ասել, թե ինչպես են տվյալները փոխվել:

Մեր դիտարկմանը, որ այսօր Թունյանը վարդագույն ակնոցներ է դրել ու իշխանության ակնոցներով է նայում իրավիճակին, այս խայտառակ գնաճը, աղետալի իրավիճակը չի տեսնում, մինչդեռ երբ իշխանություն չէր, շատ լավ տեսնում էր բացթողումներն ու սխալները, այսօր էլ թվեր են հրապարակում, որտեղ իրականում մանիպուլյացիա կա, բայց իրական կյանքը տարբերվում է՝ Թունյանն արձագանքեց. «Իմ ասածների մեջ վարդագույնը որտե՞ղ է: Եթե մենք չենք հավատում տնտեսական վիճակագրությանը ու համարում ենք, որ այդ թվերը սուտ են, ինչպես մեր ընդդիմադիր գործընկերները, ուրեմն պետք է նույն կերպ չհավատանք, երբ որ ասվում է, որ տնտեսությունն անկում է ապրել: Մեր գործընկերներին ասում ենք՝ ձեր օրոք 7,5% տնտեսական անկում եղավ՝ ամենախորը տարածաշրջանում, այդ ո՞նց եղավ, որ վիճակագրությունը մի դեպքում խաբում է, երբ աճում են, իսկ երբ անկում է ապրում՝ չի խաբում»:

Թունյանը վստահեցրեց, որ հիմա տնտեսությունը «մինուսային»՝ բացասական ցուցանիշներից սկսում է կամաց-կամաց դուրս գալ. «Չեմ ասում փայլուն է ամեն ինչ, այնքա՜ն խնդիրներ կան: Իմ ակնոցներն էլ թարսի պես հեչ վարդագույն չեն, որովհետեւ ամենալավ վարդագույն պահի մեջ էլ ռիսկերը միշտ փորձում եմ տեսնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31