Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքային իշխանությունը Գինեսի ռեկորդ է խփել շենքերի քանակի ավելացման եւ շինթույլտվության առումով»․ ավագանու անդամ

Մայիս 25,2021 22:07

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ներկայացվեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է Տիգրանյան փողոցի 16 եւ 16/1 հասցեներում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության եւ ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Այս հողամասում սեփականատերը նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, որը բաղկացած է լինելու 2-3 ստորգետնյա եւ մինչեւ 16 վերգետնյա հարկերով։ Այսօրվա նիստում եւս երկու նման նախագիծ ներկայացվեց, որոնք ավագանու մի քանի անդամներ անընդունելի որակեցին։

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց՝ Երեւանում արտադրական նշանակության հողատարածքների փոփոխություն է կատարվում բնակելի շենքերի շինարարության համար, այն էլ՝ մեծ ծավալներով եւ հաշվի չեն առնվում այդ ծավալի շինարարություններից հետո փողոցների ծանրաբեռնվածության լուծումները։

«Կոմիտասի շուկայի հետեւի հատվածում շինարարություն է սկսվել։ Երեւան-սիթիի դիմացի մայթի բնակիչները բողոքում էին՝ կան ճանապարհների անանցանելիության խնդիրներ, դրա վերեւում էլ շատ մեծ ծավալով շինարարություն է գնում։ Հիմա էլ այս որոշումը Տիգրանյան փողոցի մասին է։ Քաղաքի այդ հատվածը ահռելի ծավալի բնակելի համալիրներ է ունենալու։ Մենք պատկերացում ունե՞նք՝ մեր քաղաքի գենպլանն ի՞նչ է լինելու, զարգացման ծրագիրը՝ ճարտարապետական առումով, ի՞նչ տեսլական է լինելու։ Ես գտնում եմ՝ մինչեւ այս երկու հանգամանքը պարզ չլինի, անթույլատրելի է նոր շինթույլտվություն տալը»։

«Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Գալստյանն էլ ասաց՝ անթույլատրելի է արտադրական տարածքների նշանակությունը փոխել բնակելի թաղամաս կառուցելու համար։

Նման մեկ այլ որոշում էլ վերաբերում էր Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 20 հազար քմ մակերեսով հողամասին, կրկին նպատակային նշանակությունը փոխվեց բնակավայրերի հողերի կատեգորիայի եւ կրկին պետք է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցվի։

Տիգրան Գալստյանն ուշագրավ դիտարկում արեց, նա նշեց, որ Երեւանի ջրմուղ- կոյուղու համակարգը կառուցվել է խորհրդային տարիներին եւ առ այսօր ո՛չ վերանորոգվել է եւ ո՛չ էլ արդիականացման աշխատանքներ իրականացվել․«Դա նախատեսված է եղել «իքս» քանակի շենքերի սպասարկման համար։ Նախկին քաղաքային իշխանությունները «իգրեկ» քանակի շենքեր են ավելացրել։ Մեր քաղաքային իշխանությունները Գինեսի ռեկորդ է խփել շենքերի քանակի ավելացման եւ շինթույլտվության առումով։ Այդ քանակի շինթույլտվություն, որ տալիս ենք, արդյոք ջրմուղկոյուղու համակարգը կդիմանա այդ գերծանրաբեռնվածությանը, արդյոք չենք կանգնի համաքաղաքային աղետի առաջ։ Կամո Արեյան էլ նշել է, որ համակարգը խայտառակ վիճակում է ու մեծ գումարներ են պետք։ Եթե համակարգը մի օր պայթի, ծանր վիճակ է լինելու, այդ կառուցված շենքերը դառնալու են վթարային։ Հասկանում եմ, որ դրանք ներդրումային փոքր ծրագրեր են, բայց մենք պետք է հեռուն էլ տեսնենք կամ զուգահեռ համակարգը ամբողջական արդիականացնենք»։

Քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն ի պատասխան պարոն Գալստյանի հարցի, ասաց․«Սա այն հարթությունն է, որ մենք խոսում ենք նոր ստողծվող եւ նոր ձեւավորվող տարածական եւ քաղաքային պլանավորման մասին։ Այսինքն, այն տերմինը՝ «urban planning», դրա մասին է՝ պլանավորես եւ հասկանաս, դրանով ի՞նչ ռիսկեր կարող են ձեւավորվեն։ Դա մի հասկացություն է, որ վերջին տասնամյակում որպես ինստիտուտ չի եղել եւ դա բերել է մեր քաղաքը, չեմ ասի՝ կաթվածահար վիճակի, բայց եթե էսպես շարունակվի, իրավացի եք, կարող է գանք այդտեղ։ Ես կարող եմ ասել՝ ենթակառուցվածքային բոլոր ստորաբաժանումները՝ ՀԷՑ, Վեոլա ջուր, Գազպրոմ, բոլոր ենթակառուցվածքային ցանցերով մենք մոտենում ենք հաշվարկային հզորությունների մաքսիմումներին։ Այստեղ խնդիրը ոչ թե կանգնեցնել աճը կամ շինարարության տեմպերը, այլ՝ ճիշտ ուղղորդել եւ համապատասխան ինֆորմացիան պլանավորման փուլում տրամադրել մեր ենթակառուցվածքների գործառույթն իրականացնող կազմակերպություններին»։

Պարոն Ճգնավորյանն ասաց, որ արդեն Գազպրոմի հետ պայմանավորվածություն կա, որ քաղաքի զարգացման ծրագրի հենց սկզբնական փուլում տեղեկատվությունը տրվելու է․ «Եւ իրենք էլ իրենց նոր ցանցը, որն իրենք էլ են գնահատում հնացած, ներկայիս կառուցապատման ծավալներին չհամապատասխանող, արդիականացնեն հենց այդ ուղղությամբ եւ զարգացման այդ վեկտորներով։ Նույնը մյուս ենթակառուցվածքներին է վերաբերում»։

Տիգրան Գալստյանն ասաց, որ դեմ է քվեարկելու այդ նախագծերին, եւ նշեց՝ պետք է սպասել ծրագրի, ինչ-որ ճանապարհային քարտեզի,որը կներկայացվի ավագանուն, որից հետո նման նախագծերը բերեն նիստի օրակարգ․«Մինչ այդ, թեկուզ ժամանակավոր, նման նախագծերը պետք է կասեցնենք»։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց՝ կառուցապատողները տեխնիկական պայմաններ են ստանում ենթակառուցվածքները շահագործող կազմակերպություններից, ապա նոր նախագիծը ներկայացնում են հաստատման։ «Այո, ոլորտում խնդիրներ ունենք ու պետք է լուծենք։ Անցած տարի 180 մլն դրամի կոյուղիների վերանորոգման աշխատանքներ ենք իրականցրել, նոր կոյուղի է անցկացվել, այս տարի էլ բյուջեով հաստատված գումար ունենք, նույն աշխատանքների համար»,-ասաց փոխքաղաքապետը։

Մեկ այլ նույնատիպ որոշում էլ վերաբերում էր Ադոնցի փողոցում կառուցապատմանը՝ կրկին բազմաբնակարան շենք պետք է կառուցվի, արտադրական շինություն էլ բնակելի շինության պետք է վերածվի։
Երեք որոշումներն էլ երեկ ավագանին հաստատեց։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31