Վաղարշապատի բժշկական կենտրոնից մայիսի 25-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում փախուստի դիմած «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ 29-ամյա Գագիկ Մ–ն, մեր տեղեկություններով, մայիսի 20-ին էր ՁՊՎ–ից տեղափոխվել ՔԿՀ եւ դեռեւս կարանտինային բաժանմունքում էր։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա երկու ամսով կալանավորվել էր ՀՀ «Քրեական օրենսգրքի» 131-րդ հոդվածի հատկանիշներով (մարդուն առեւանգելը):
Ըստ մեր աղբյուրի, մոտ 4 ամիս առաջ, 29-ամյա երիտասարդն աղջիկ էր փախցրել։
ՔԿՀ–ում Գագիկ Մ–ն աչքի չի ընկել ագրեսիվ վարքագծով։ Մայիսի 22-ին սուր ցավերով նրան տեղափոխում են Վաղարշապատի բժշկական կենտրոն, վիրահատում կույր աղիքը։ Իսկ արդեն 3 օր անց նա հիվանդանոցի 4-րդ հարկից աննկատ փախուստի է դիմում։ Ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, «փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները եւ ուժերը: Հետեւողական եւ մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07:30-ի սահմաններում Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երեւան քաղաքում եւ բերման ենթարկվել «Արմավիր» ՔԿՀ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»։
Ավելացնենք, որ ՀՀ քրօրենսգրքի 355 հոդվածով՝ (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) նախատեսված է պատիժ ազատազրկման տեսքով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ մարդու առեւանգման համար նախատեսված է 2-ից 5 տարի ազատազրկում։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ shamshyan.com-ից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ