«Երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի ՀՀ-ի համար»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում անցկացվող դաշինքի առաջնորդներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա Ադրբեջանից հնչող հայտարարությունները կապում է ՀՀ ներքաղաքական օրակարգի հետ: Եվ պարզ է, թե ում նրանք կցանկանային տեսնել՝ որպես ՀՀ վարչապետ:
Սահմանազատումների մասին հարցերին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այս պահին սահմանազատումը որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում: Այն շտապողականությունը, որն ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ: Ընդհանրապես սահմանազատումից պետք չէ չափից շատ վախենալ, ուղղակի այս պահին դա բավականին պրոբլեմատիկ հարց է»:
Հիշեցմանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրել և հայտարարել է, որ այն բխում է ՀՀ պետական շահից, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Վերջին երեք տարում դուք քանի՞ անգամ եք լսել նման հարյուր տոկոսանոց հավաստիացումներ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հայտնվել այսօրվա վիճակում: Այս երեք տարվա ընթացքում որևէ քայլ, որը կբխի ՀՀ շահերից, չի արվել»:
Հարցին՝ կարո՞ղ է այդ փաստաթուղթը իրավական հիմք ունենալ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Խոսում ենք մի փաստաթղթի մասին, որը դեռ ստորագրված չէ, չգիտենք՝ ինչ կարգի փոփոխության է այն ենթարկվելու: Չեմ ուզում հիմա քննարկել կամ դետալների մեջ մտնել մի փաստաթղթի նախագծի մեջ, որը կարող է դեռ փոփոխությունների ենթարկվել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ