ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, այսօր ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության որոշ համայնքային տարածքներ Ադրբեջանին հանձնելու հեռանկարին:
«Փաստենք, որ գաղտնի բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց բովանդակությունը գաղտնի է պահվում: Այդ մասին մենք իմացանք ոչ ֆորմալ աղբյուրներից: Միայն այդ ժամանակ իշխանությունները հաստատեցին դրանց գոյությունը, եւ վարչապետի պաշտոնը ապօրինի զավթած ենթադրյալ հանցագործը նաեւ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթղթերը:
Որպես պետական պաշտոնյա, ես էլ եմ առնչվել պետական եւ ծառայողական գաղտնիքին: Գաղտնիքի իմաստն այն է, որպեսզի դրա մասին չիմանա թշնամին: Այսինքն, թաքցնում ես պետական կարեւորագույն տեղեկություններ, որպեսզի դա երբեւէ թշնամուն հասանելի չլինի:
Հիմա, եթե նա բանակցում է թշնամու հետ, նշանակում է՝ նրանից այլեւս գաղտնիք պահել չի կարող, ամեն ինչը նրա հետ քննարկում է: Իսկ եթե որոշել է դա գաղտնի պահել իր հասարակությունից, նշանակում է, որ իր համար թշնամին հայ ժողովուրդն է: Ընդ որում, ոչ միայն լայն հասարակությունը, այլեւ նեղ իշխանական շրջանակը, որտեղ ինքը գործում է: Որովհետեւ, պարզվում է. դրա մասին տեղյակ չէ նույնիսկ հանրապետության նախագահը, արտաքին գործերի նախարարությունը, որն, ըստ էության, պետք է այդ ամբողջ գործընթացն իրականացներ: Բայց պարզվում է, որ նա անձամբ է իրականացնում այդ գաղտնի գործընթացները:
Կարդացեք նաև
Իրականում հայ ժողովուրդը չպետք է լինի իր ղեկավարի թշնամին: Ցավոք սրտի, հակառակն է: Տեսեք, այդ անձը մի անգամ ասաց, թե այս փաստաթուղթը 100 տոկոսով, ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի շահերին: Պատկերացնում ե՞ք, որ եթե նա Հայաստանի համար մի շահեկան բան ունենար, հիմա քանի անգամ էր ֆեյսբուք մտել, քանի անգամ էր դրա մասին ասել, իր պատգամավորները քանի անգամ էին խոսել: Բա, եթե դա շահեկան փաստաթուղթ է, ինչի՞ ես գաղտնի պահում, ինչի՞ չես խոսում գոնե պառլամենտի հետ:
Միայն Հայաստանի թշնամու, դավաճանի մտքով կանցնի բանակցել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված ՀՀ համայնքի որեւէ տարածք այլ պետությանը հանձնելու շուրջ»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ