«Աշխատավարձերի, թոշակների էական բարձրացում տեղի չունեցավ, մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պարտքն ավելացավ 1 միլիարդ դոլարով եւ այդ գումարներն օգտագործվեցին անարդյունավետ: Այդ մեկ միլիարդն այս իշխանություններն օգտագործեցին թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, իրենց պարգեւավճարներ բաժանելու համար»,-այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը: Միջոցառումը տնտեսական թեմայով էր:
Պարոն Վանեցյանը շարունակելով պարտքի թեման, ասաց՝ այսինքն՝ այսօր մենք ունենք 1 միլիարդ դոլարից ավել արտաքին պարտք, որը չի օգտագործվել հավելյալ արժեք ստեղծելու համար եւ այդ պարտքն այս իշխանությունները թողելու են հաջորդ իշխանությունների եւ մեր սերունդների ուսերին:
«2020 թվականի տվյալներով, ունեք 7 տոկոսից ավել ՀՆԱ-ի անկում, ներդրումներ չունենք, այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առջեւ»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ խոսքը փոխանցելով տնտեսագետ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Պարոն Գաբրիելյանի կարծիքով, տնտեսական զարգացման եւ ներդրումների համար նախապայմաններից է Սյունիքում եւ նաեւ Գեղարքունիքում սահմանների ենթակառուցվածքների վրա ծախսեր անելը: Խոսքն, ըստ Վաչե Գաբրիելյանի թե՛ սահմանների կահավորման, թե՛ ճանապարհների, թե՛ թվային ենթակառուցվածքների մասին է: Նախկին փոխվարչապետն ասաց, որ Սյունիքից ամենաքիչն են գնում արտագնա աշխատանքի եւ մարդիկ հիմնականում զբաղված են հանքարդյունաբերության ոլորտում եւ այդ մարզում աշխատավարձն անգամ Երեւանից է բարձր:
Տնտեսագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որը նույնպես ներկա էր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած քննարկմանն, ասաց՝ ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է 4 հենասյուներից 3-ն արագ կարգաբերի. «Դրանք են՝ հարկաբյուջետային, դրամավարկային եւ ֆինանսական, քաղաքական կայունություն եւ անվտանգություն: Եթե անվտանգային խնդիրը լուծված չէ մենք ուղղակի պետք է մոռանանք տնտեսության արագ զարգացման եւ ներդրումների մասին:
Կարդացեք նաև
Վարդան Արամյանն ասաց, որ 2018-2019 թվականներին կառավարությունը պահային որոշումներ է կայացրել՝ առանց հեռակետին նայելու. «Այսինքն՝ 2019 թվականին կառավարությունը գայթակղվեց հարկերի հավաքագրման բարձր մակարդակով եւ ընթացիկ ծախսերի գծով չափից շատ պարտավորություններ ստանձնեց, որի հնարավորությունն ուղղակի չուներ: Հիմա պարտադրված ենք ապրել մի իրողության մեջ, որ 2021 թվականի բյուջեն նախագծված է 342 միլիարդ դրամ պակասորդով, որից ընդամենը 215 միլիարդն ենք ուղղում կապիտալ ծախսերին: Մնացած պարտքային միջոցները մենք վերաուղղում ենք մեր ընթացիկ ծախսերին՝ թոշակ, աշխատավարձ, այլ գնումներ եւ սա լուրջ խնդիր է: Որպեսզի մենք կարողանանք կարգաբերել մեր ֆինանսներն անհրաժեշտ է քաջություն, լինի խորը վերլուծական աշխատանք՝ թե ըստ ճյուղային ոլորտների մենք որտեղ ենք գերակայություններ սահմանել, ինչպես ենք վերանայում մեր գերակայությունները»:
Ըստ Վարդան Արամյանի, հաջորդ կարեւոր քայլը, որը պետք է անի նոր կառավարությունը՝ հաղորդակցությունն է տնտեսվարող սուբյեկտների եւ հանրության հետ: Ըստ նրա, տնտեսվարողները սիրում են կայունություն եւ շատ կարեւոր է՝ կառավարությունն ինչ ազդակներ է տալիս եւ այդ ազդակներն ինչպես է պահպանում:
Վարդան Արամյանը խիստ կարեւոր համարեց նաեւ հետպատերազմյան, հետճգնաժամային հատվածում միջոցների մոբիլիզացումը եւ կապիտալի կուտակում կատարելը, որպեսզի կանգնացնենք տնտեսական հենքերը: Ասաց, որ գումարների, ներդրումների արագ ներհոսք կապահովի հանքագործության ոլորտը, որը պետք է հավասարակշռել շրջակա միջավայրի խնդիրների հետ: Մյուս հնարավորությունը պարոն Արամյանի կարծիքով, միջազգային կառույցների ու գործիքների հնարավորությունները ճիշտ օգտագործել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ