«Երեկ պատգամավորներից մեկը, եւ ոչ միայն նա, հայտարարեց, թե Տավուշի մի քանի գյուղեր խորհրդային Ադրբեջանի գյուղեր են եղել եւ եղել են նրա տարածքում՝ Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Բաղանիս, Այրում, Բարխուդարլու, Տիգրանաշեն»,-ԱԺ նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստանից» դուրս եկած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հիմա ի՞նչ կլինի, եթե, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ են ասում, այդ գյուղերը վերադարձվեն Ադրբեջանին։ Այդ դեպքում ադրբեջանական դրոշակներ ու զինվորներ կհայտնվեն Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հայկական գյուղերի մոտ՝ այնպես, ինչպես Սյունիքի Որոտանում։ Բացի այդ, Երեւանից Թբիլիսի ճանապարհը Կիրանցի հատվածում կանցնի Ադրբեջանի տարածքով։ ՀՀ-Վրաստան-ՌԴ միջպետական մայրուղու մի հատվածի վրա կունենանք Ադրբեջանի վերահսկողություն, իսկ Տավուշի հատվածում մեր սահմանները կերկարեն մի քանի տասնյակ կիլոմետրով։ Եթե Տիգրանաշենը հանկարծ վերադարձվի Ադրբեջանին, ապա Երեւան-Սյունիք-Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ