Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելում էր. ՏՄՊՊՀ-ն տնտեսավարող սուբյեկտների համար քննարկում էր կազմակերպել

Մայիս 25,2021 17:45

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել տնտեսավարող սուբյեկտների համար՝ տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում:

Այս անգամ քննարկման թեման գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումն էր, որին մասնակցում էին գովազդ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, գովազդատուներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովը վերջին երկու տարիների ընթացքում գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների, մասնավորապես հասարակության մոլորեցման, շփոթության, վարկարժեքի վարկաբեկման, անտեղի համեմատությունների մի շարք դեպքեր է արձանագրել:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ այս միջոցառումն առավելապես նմանատիպ իրավախախտումները կանխարգելելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ այս ոլորտում կատարված փոփոխությունների մասին տնտեսավարողներին իրազեկելու նպատակ ունի:

«Մենք փորձում ենք տնտեսավարողների համար կազմակերպվող նման միջոցառումները դարձնել մշտական, քանի որ հենց ձեր միջոցով է կայանալու բիզնես միջավայրը, և ձեր միջոցով է մեր խոսքը հասանելի դառնալու հանրության առավել լայն շերտերին»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը հավելել է, որ նոր օրենքով հստակեցվել է իրավախախտումների կանխարգելման գործիքակազմը, որի շրջանակում տնտեսավարողը նախապես կարող է դիմել հանձնաժողով և անվճար եզրակացություն ստանալ առանձին վիճահարույց դեպքերի առնչությամբ:

Միջոցառման շրջանակում հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրել են ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումները, փոփոխությունները, հանձնաժողովի պրակտիկայում գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կոնկրետ դեպքերը և դրանց մեկնաբանությունները, պատասխանել ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցադրումների:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31