Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում կա՞ն ադրբեջանական հողեր․ Սուրեն Պապիկյանի պարզաբանումը

Մայիս 25,2021 17:40

Այսօր Aravot.am-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Տավուշում մենք ունենք ադրբեջանական հողեր, ինչպես որ հայտարարում է իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը:

Սուրեն Պապիկյանն ասաց․ «Հարգելի’ գործընկերներ, Խորհրդային Հայաստանի տարածքը և 1992 թվականին ՄԱԿ-ի կողմից ճանաչված մեր երկրի տարածքը 29,8000 քառակուսի կիլոմետր է։ Ելնելով տարածաշրջանի իրավիճակից՝ Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունից, այդ սահմանը տարբեր տեղերում ունի տարբեր պատկեր։ Վարչապետը նաև խոսել է, որ Խորհրդային Հայաստանի մաս կազմող դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս կազմող Արծվաշեն գյուղն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ հիմա վերադառնալ նրան, թե հիմա ինչ տարածքներ, ինչ բարձունքներ, ինչ հովիտներ կան մեր վերահսկողության ներքո, մենք հիմա ճիշտ ճանապարհով չենք գնում։

Ես ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, ի սեր Աստծո հեռու ձեզանից, այն, ինչ առաջադրում է մամուլը, երկու օր հետո դա պահանջ է դառնում հարևան երկրի կողմից։

Ես խնդրում եմ սահմանային հարցերում, պետության անվտանգությանը վերաբերող հարցերի նկատմամբ լինենք մի փոքր փակ ու սահմանափակ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե անվտանգության ապահովումը իշխանության խնդիրը չէ՞, նախարարը պատասխանեց․ «Այո, իշխանության խնդիր է, տեղեկատվության ապահովումը նաև տեղեկատվական անվտանգության։ Բայց ես չեմ ուզում ու նաև կարծում եմ, որ բոլորս չենք ուզում, որ դա տեղի ունենա մամուլի սահմանափակման միջոցով։ Համապատասխան մարմինները, կարծում եմ, զբաղվում են դրանով, ու ովքեր տալիս են ինֆորմացիայի արտահոսքերը, նրանց նկատմամբ ինչ-որ աշխատանքներ կատարվեն»։

Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ ձեր ասածից ենթադրենք, որ մեր մամո՞ւլն է թշնամուն օրակարգ թելադրողը, նախարարը պատասխանեց․ «Ես չեմ ուզում նման մեղադրանք հնչեցնել, ես ասում եմ այն, ինչ տեղի է ունենում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31