«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր հարցրեցինք՝ անցնելո՞ւ եք խորհրդարան, որովհետեւ արդեն հարցումներ են հրապարակվում, որտեղ դուք չգիտեմ որ տեղերում եք՝ նա պատասխանեց. «Մենք միշտ չգիտեմ որերորդ տեղերում ենք հարցումներով, մեկ էլ տեսնում եք, որ մենք այստեղ ենք՝ խորհրդարանում»:
Նա ասաց, որ ցանկացած ուժ գնում է ընտրության իշխանություն վերցնելու ակնկալիքով, բայց ԼՀԿ-ն այն ուժերից է, որ բավականին իրատես է. «Քարոզարշավը փոխելու է ամբողջ պատկերը, որովհետեւ կա մեծ թիվ չկողմնորոշված քաղաքացիների, որից կախված է լինելու ընտրությունների ելքը: Այնպիսի անակնկալներ կարող են լինել, որ չենք էլ ենթադրում»:
Մարուքյանը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ կոալիցիա չեն կազմի. «Ոչ նախկին իշխանությանը վերադարձնելու, ոչ գործող իշխանությանը վերարտադրելու գործում դուք մեզ չեք տեսնի»:
Չնայած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ոչ մի ուժ 50+1 տոկոս չի ունենալու, բայց Մարուքյանը դա լրիվ հնարավոր է համարում հետեւյալ հաշվարկով. «Ընտրական շեմը մասնակցության կարող է ընկնի շատ, ու այդ մասնակցության ընկած շեմի մեջ ինչ-որ մեծ խումբ գնա քվեարկության եւ ընտրի ինչ-որ մի ուժի, ու այդ փոքր մասնակցության մեջ իր տարած ձայներով դառնա այն, ինչը մեծ մասնակցության մեջ չէր լինի: Դրան էլ գումարվի հաջորդ ձայնը, դա ընտրական «փոշին» է, որոնք հավաքում են 1%, 1,7%, 2%, վերջում դառնում է փոշի: Անցած ընտրությունների փորձով շուրջ 16% ձայները մեր ընտրողների փոշիացվել են եւ գումարվել իշխող ուժին ու ավելի քիչ՝ մյուս խմբակցություններին: Ուստի շատ հնարավոր է, որ փոքր մասնակցության թվի մեջ ունեցած հստակ էլեկտորատով եւ դրան գումարած «փոշիով» ինչ-որ մի ուժ առաջին փուլում ավարտի այդ ընտրական պատմությունը»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ մեր հասարակությունը ձեր նման զգուշավոր մարդկանց չի սիրում, սիրում է, երբ իրար դիմաց կանգնում են ու իրար ասում են՝ «մարդասպան, դավաճան, թալանչի, կապիտուլյանտ», այս «դրայվն» է սիրում, հիմա դուք ձեր զգուշավորությամբ, «գծով գնալով»՝ չե՞ք զգում, որ պետք է ինչ-որ այլ բան անեք, «բում» անեք՝ այս միջավայրում չկողմնորոշված ընտրազանգված գրավելու համար: Մարուքյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում զգուշավոր, մենք որտե՞ղ ենք զգուշավոր եղել: Եթե զգուշավոր լինեինք, դեմ կլինեինք ընտրություն անելուն, չէինք թողնի խորհրդարանը ցրվի, կասեինք՝ դե 17 մանդատ ունենք, նստած ենք, էլի, զգույշ մնանք մինչեւ 2023-ը: Բայց մենք ընդհանրապես զգուշավոր չենք: Դա տեսակի հարց է: Մեր տեսակը այն է, որ չի կարող քաղաքական ընդդիմախոսին ասի՝ «վիժվածք, թուրքի ծնունդ», դա մեր տեսակը չի: Եթե ժողովուրդը գնալու է գնահատի այդ տեսակը՝ «թուրքի ծնունդը դու ես», մենք կարձանագրենք, որ այդ ձեւն ավելի լավ է, բայց կշարունակենք աշխատել մարդկանց հետ, որ փոխենք: Մենք ինչի՞ ենք մտել քաղաքականության մեջ, որ այդ փակուղուց դուրս գանք: Դա ատելության արտադրամաս է, ոչ մի լավ տեղ մեզ չի տանի: Հիմա ոչ թե մենք զգուշավոր ենք, այլ՝ կլասիկ պատգամավոր, որ ասում են՝ կլասիկ, դա է: Դասական քաղաքական գործիչը չի կարող իր քաղաքական ընդդիմախոսին հայհոյի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ