«Մեր ցուցակում գործարարներ չկան, չենք էլ ունեցել որեւէ բանակցություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ ձեզ համար համոզի՞չ են իշխանականների փաստարկները, որ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը գործարարներ չեն`Մարուքյանը պատասխանեց. «Ես 5-րդ գումարման ԱԺ-ից կարող եմ օրինակներ բերել, որ երբ քաղհասարակության սեկտորը, ընդդիմությունը քննադատում էր այն ժամանակ իշխանություններին, որ գործարարներին բերում են խորհրդարան, բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն: Հեղափոխության խոստումներից մեկն էլ հենց այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, շահեր չմտնեն խորհրդարան: Այս իմաստով, եթե գործարարներ նորից բերվեն խորհրդարան, դա հեղափոխության եւս մեկ խոստման դրժում կլինի: Էլի իշխանությունը դրժում է իր խոստումը: Կլինի հետընթաց այն մի քանի ձեռքբերումների փշրանքներից: Արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու, փող են տալու, մարդիկ արդեն խոսում են»: Թե ո՞ր ուժն է տալու՝ Մարուքյանը անուններ չհրապարակեց, բայց ասաց՝ փող կարող է բաժանել իշխանությունը եւ այն ուժերը, որոնք ունեն անսահմանափակ ռեսուրսներ:
Հարցին՝ եթե այս ցուցակով իշխանությունը վերընտրվի ու այս գործարարները գան խորհրդարան, ի՞նչ ռիսկեր եք տեսնում՝ Մարուքյանը պատասխանեց. «Ռիսկը այն է, որ հեղափոխությունը հետընթաց է ապրում: Ռիսկն այն է, որ մյուս ուժերը հասկանալու են, որ այլեւս այդ սկզբունքը չի գործում եւ սկսելու են իրենք էլ գործարարներ բերել: Եվ խորհրդարանը, եթե ոչ այս անգամ, մյուս անգամ կլինի գործարարներից բաղկացած խորհրդարան, այն, ինչ եղել է նախկինում: Այն, ինչ քննադատվել, մերժվել է, այդ համակարգը նորից վերածնվում է ինչ-որ էրոզիաների արդյունքում»:
Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, որ այսօր շատ դժվար է տարանջատել՝ Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար՝ Մարուքյանն արձագանքեց. «Ժողովուրդը ամեն ինչ լավ տեսնում է ու դրա գնահատականը կտա, ով ինչ ուզում է՝ ասի: Ոնց որ ես մի բան անեմ, որ ընդհանրապես իմ էության հետ կապ չունի ու սկսեմ ինչ-որ հիմնավորումներ բերել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ